Բաժիններ՝

Տարեցների և քրոնիկ հիվանդների համար տնային ռեժիմ է սկսել գործել Մոսկվայում

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում սկսել է տնային ռեժիմ գործել տարեց եւ քրոնիկ հիվանդ բնակիչների համար. այն հայտարարվել է COVID-19-ի հետ կապված իրադրության բարդացման պատճառով։

Տնային ռեժիմ սահմանելու վերաբերյալ հրամանագիրը Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն ստորագրել է հոկտեմբերի 19-ին:

Փաստաթղթի համաձայն, չորս ամիս, 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 25-ը, հրահանգվել է 60-ից բարձր տարիքի մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին չհեռանալ բնակության վայրերից: Աշխատողները կկարողանան հիվանդության թերթիկ ձեւակերպել:

Դրա հետ մեկտեղ թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայի պարապմունքները բնակչության այս կատեգորիայի համար չեն սահմանափակվում: Բացի այդ, հիշյալ քաղաքացիները կկարողանան բուժօգնության դիմել, այցելել խանութներ եւ զբոսնել ընտանի կենդանիների հետ:

Այդ սահմանափակումը չի տարածվում այն մոսկվացիների վրա, որոնք վերջին վեց ամիսներին հիվանդացել են COVID-19-ով, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ կուրսը: Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրությունը բարդացել է աշնանը:

Հոկտեմբերի երկրորդ կեսին հիվանդացությունը հասել է համավարակի ողջ ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշին: Դրա հետ կապված քաղաքային իշխանությունները մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս