Բաժիններ՝

Երևան-Գյումրի ճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

Մ-1, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-ից 60-րդ կիլոմետրի վրա վթարավտանգ երեք կետերում կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

«Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել է հողային զանգվածի կուտակում Մ-1 ճանապարհի 51-րդ կմ-ի եզրային հատվածում։ 51-րդ կմ-ում այսօր կատարվում են տերմոպլաստե նյութով գծանշումներ, որոնց միջոցով ստեղծվում է աղմուկի հատուկ գոտի, ինչը կօգնի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Կատարվում են երթևեկության անվտանգության բարելավման լրացուցիչ այլ միջոցառումներ ևս. պարապետների և արգելապատնեշների վրա թարմացվում են լուսանդրադարձիչները, տեղադրվում են լրացուցիչ ճանապարհային նշաններ և այլն։

Աշխատանքները տարվում են Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցաբար»,- նշել են հիմնադրամից։

Ի դեպ, օրերս՝ հոկտեմբերի 20-ին հենց Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր զոհվել են, իսկ ուղևորներից 17 -ն վիրավորում ստացել: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս