«Մի քանի հարց բուժաշխատողներին». Էդուարդ Հովհաննիսյան

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի հարց բուժաշխատողների

Վերջին օրերին տարբեր բուժաշխատողներ միացել են պատվաստման գովազդին՝ ինչը երևի հասկանալի է, և երևի ողջունելի, բայց կենտրոնացել են միայն հղիների վրա՝ ինչը արդեն այդքան էլ հասկանալի չէ։

Այդ կապակցությամբ մի քանի հարց եմ ուզում տալ այդ բուժաշխատողներին․

1․ Ինչպե՞ս է հղիների և կերակրող մայրերի պատվաստումը նվազեցնելու մահացությունը, ինչու՞ չեք խոսում մահվան ամենաբարձր ռիսկ ունեցող խմբի՝ մեծահասակների մասին, ինչու՞ եք անտեսում թոշակառուներին։ Նրանց կյանքերն արժեք չունե՞ն։

Արդյո՞ք չեք գիտակցում, որ գործող հրամանով, գործող տեղեկատվական արշավով թոշակառուները մնում են անտեսված և նրանց կյանքերի հաշվին է ավելանում մահացությունը։

2․ Ինչու՞ չեք պահանջում դադարեցնել աննպատակ թեստավորումը․ մեծ քանակի պարտադրված թեստավորումները կատվածահար են անում լաբորոտոր համակարգը՝ առաջացնելով մեծ հերթեր և սահմանափակելով թեստավորման իրական կարիք ունեցող մարդկանց հասանելիությունը։ Արդյունքում հիվանդ մարդը ուշ է ախտորոշվում (մարդիկ օրերով սպասում են թեստի պատասխանին), որպես հետևանք՝ ուշ է սկսում բուժումը, հոսպիտալացվում ծայրահեղ ծանր վիճակում՝ ինչը և բերում է բարձր մահացության։

3․ Ինչու՞ չեք պահանջում այդ քանակի թեստավորումն իրականացնել նպատակային՝ ապահովելով վաղ ախտորոշումը, կոնտակտավորների վերահսկումը՝ այն միջոցառումները, որոնք վստահաբար կտրուկ կնվազեցնեն վարակվածությունը, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը և, իհարկե, մահացությունը։

4․ Ինչու՞ չեք պահանջում բարելավել նախահիվանդանոցային (ամբուլատոր) բուժումը, որպեսզի քիչ թվով հիվանդներ կարիք ունենան հիվանդանոցային բուժման, քիչ ունենանք ծանր հիվանդներ և քիչ ունենանք մահեր։

Հարցերը կարող եմ շարունակել, բայց․․․
Արդյո՞ք դուք չեք գիտակցում այս ամենը։

Չե՛մ հավատում, ձեզանից շատերը շատ լավ մասնագետներ են։

Ուղղակի այս ամենի մասին բարձրաձայնելը՝ նշանակում է քննադատել նախարարությանը։ Շատ ավելի հեշտ է և անվտանգ քննադատել քաղաքացուն․ մեկ տարի առաջ դիմակ չկրելու համար, հիմա՝ չպատվաստվելու։ Իսկ այն, որ քաղաքացու չպատվաստվելու պատճառը նախարարության տոտալ ապիկարությունն է, դա արդեն կարևոր չէ․․․»

Տեսանյութեր

Լրահոս