«Զբաղվում ենք նոր դեղամիջոցների փնտրտուքով, ունենք նշանակալի հաջողություններ»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարբերաբար անդրադառնում ենք մեր երկրում գործունեություն ծավալող գիտական խմբերին: Այս անգամ զրուցել ենք Մնջոյանի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Անուշ Հովակիմյանի հետ: Նշում է` իրենց խմբի ղեկավարը քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակակիր Սամվել Սիրականյանն է:
«Խմբի անդամներն ենք Էլմիրա Հակոբյանը և ես: Մեր գիտական խումբն աշխատում է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Այս ինստիտուտը Հայաստանում միակ գիտահետազոտական հաստատությունն է, որը 55 տարի և ավելի զբաղվում է նոր դեղամիջոցների փնտրտուքով: Մեր գիտական խումբն այս ինստիտուտի մի փոքր մասնիկն է, հետևաբար, մենք էլ զբաղվում ենք նույն գործունեությամբ, մասնավորապես` համակցված ալիցիկլո- և հետերոցիկլո [c] պիրիդինների բնագավառում հետազոտություններով: Բավականին հաջողություններ ունենք: Ունենք միացություններ, որոնք ցուցաբերել են շատ բարձր կենսաբանական ակտիվություն՝ հակացնցումային, նեյրոտրոպ, հակաուռուցքային, հակավիրուսային, հակաբակտերիալ և այլ հատկություններ: Օրինակ՝ ունենք միացություն, որն իր հակատրոմբոցիտային ակտիվությամբ գերազանցել է ասպիրինին: Ունենք միացություն, որը ցուցաբերել է աննախադեպ բարձր ակտիվություն խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այդ հետազոտություններն արվել են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և արտասահմանում: Այս ողջ ընթացքում մեզ հաջողվել է հեղինակավոր պարբերականներում տպագրել ավելի քան 45 հոդված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովակիմյանն՝ ընդգծելով, որ դեղամիջոցների փնտրտուքը միշտ եղել է գիտության գերակա ուղղություններից մեկը Հայաստանում:
«Բայց որպեսզի որևէ նոր նյութ դառնա դեղամիջոց, այն պետք է բավականին երկար ճանապարհ անցնի՝ կլինիկական, նախակլինիկական հետազոտություններ, որոնք Հայաստանում շատ դժվար է իրականացնել՝ կապված ֆինանսական դժվարությունների հետ։ Մեր հոդվածներում արված հետազոտություններն արված են զուտ հնարավորության սահմաններում: Բայց նախնական տվյալներն ունենք, տպագրել ենք հոդվածներում և ֆինանսական հնարավորության դեպքում կփորձենք նման հետազոտություններ իրականացնել։ Պետության կողմից դեռևս նման նախագծեր չկան»,-հավելում է նա:
Գիտական խմբի ղեկավար Սամվել Սիրականյանն ընդգծում է` կարևոր է, որ հայտնաբերել են նյութեր, որոնք ունեն բարձր ակտիվություն, գերազանցում են արդեն եղածներին:
«Իհարկե, դրանց հայտնաբերմամբ և հոդվածների տպագրությունով ամեն ինչ չի վերջանում: Հնարավորության դեպքում դրանք անպայման կվերածենք դեղամիջոցի: Այստեղ սինթեզվել են միացություններ, դրանք ուսումնասիրվել են, և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը 14 հայկական դեղամիջոց է ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, որոնցից 3-4-ը մինչև օրս էլ օգտագործվում են: Հիմա հնարավորությունները քիչ են, և աշխատում ենք գտնել գործընկերներ հետագա հետազոտությունների համար: Որքան ֆինանսները մեծ լինեն, այնքան այդ ճանապարհն ավելի արագ կանցնենք: Մեր գործն անընդհատ է, կարևոր է, որ կան շատ ակտիվ միացություններ, օրինակ` հակավիրուսային դեղամիջոց, որը պայքարում է խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այն կարող է ազդեցություն ունենալ նաև Կովիդի դեմ: Մեր այդ նյութը համարյա 100 տոկոսանոց ակտիվություն ունի, իսպառ ոչնչացնում է վիրուսը: Բայց, ավաղ, Հայաստանում դեռ չկան լաբորատորիաներ, որտեղ կարելի է նման հետազոտություններ անցկացնել»,-հավելում է Սիրականյանը:
Ֆինանսավորման մասին: Անուշը նշում է` իրենց ֆինանսավորման հիմնական աղբյուրը Գիտության կոմիտեն է, բայց իրենց խումբը մասնակցել է Հայ օգնության ֆոնդի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթներին և շահել դրամաշնորհներ: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը վերջերս է վերսկսել իր գործունեությունը, կազմակերպել է մի քանի մրցույթներ: Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթում մեր խումբը դարձել է շահառու, ինչը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր սարքեր, ինչպես նաև արդիականացնել հները:
Բացի դա, այս տարի մեր խմբի երեք անդամները ներառվել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի շահառուների ցանկում: Սա գիտնականի գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշն է: Իմ կարծիքով` սա ԳԿ-ի կողմից կազմակերպվող լավագույն մրցույթներից է: Հաջորդը «Կին ղեկավարների առաջխաղացմանն» ուղղված մրցույթն էր, որում մեր գիտական խումբը շահել է: Ներկայացված աշխատանքի ղեկավարը ես եմ, այն նորույթ է Հայաստանի համար, նվիրված է պոտենցիալ կենսաբանորեն ակտիվությամբ օժտված հիբրիդային միացությունների սինթեզի և հատկությունների ուսումնասիրությանը, որն իրականացնելու ենք նոր մեթոդով:
«Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթում» ևս շահել ենք, ղեկավարը պարոն Սիրականյանն է: ԳԿ-ի կողմից մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվում, այն հնարավորություն տվեց մեր խումբն ընդլայնել մեկ անդամով, մեկ տարի հետո էլ հնարավորություն ունենք ընդգրկել երկու մագիստրոսների: Իհարկե, այս հաջողությունների համար մեր գիտական խումբը և ես պարտական ենք պարոն Սիրականյանին, նրա ավանդը իմ կայացման գործում շատ մեծ է»,-ասում է նա:
Իսկ վերջում ցավոտ կողմի մասին:
«Բոլորն աշխատում են, հոդվածներ տպագրում, բայց քանի որ աշխատավարձը ցածր է, երիտասարդները չեն գալիս դեպի գիտություն: Լաբորատորիաներ ունենք, որտեղ երիտասարդ մասնագետներ չկան, այսինքն մի քանի տարի հետո այդ լաբորատորիաների փակման հավանականությունը բավականին մեծ է: Եթե չլինեին դրամաշնորհները, մրցույթները, միայն աշխատավարձով շատ դժվար կլինի: Հուսանք` պետությունը կավելացնի գիտությանը տրվող ֆինանսավորումը»,-եզրափակում է Անուշ Հովակիմյանը: