Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու․ Ալիք Մեդիա
Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝ հղում անելով «դիվանագիտական վստահելի աղբյուրներին»:
«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ:
Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020թ այդ օրը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ:
Վաղը Ալիք Մեդիան ավելի ծավալուն և մանրամասն անդրադարձ կկատարի այս երկու ստորագրվելիք փաստաթղթերին, այդ թվում՝ Արցախի կարգավիճակին եւ ճանապարհ-միջանցքին»,- հայտնում է աղբյուրը: