«Պատերազմը մեզնից խլեց մեր ամենաթանկերին, ինչի համար ուզում էինք ապրեինք․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի գերեզմանի մոտ այսօր հավաքվել էին նրա հարազատները, ընկերներն ու մտերիմները։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, Նարեկը մարտական դիրքում զոհվեց․

«Նարեկն ինձ համար ամեն ինչ էր, իմ ընկերը, տղան, զրուցակիցը․․․ Ցավոք, պատերազմը մեզնից խլեց մեր ամենաթանկերին, ինչի համար որ մենք ուզում էինք ապրեինք, ինչի համար որ մենք մեծ հույսեր, սպասումներ ունեինք․․․ Ուրախ ակնթարթներին պետք է մասնակից լինեինք, այլ ոչ թե այս տեսակ արարողություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը՝ Մարինե Հովասափյանը։

Նարեկի ծառայակից ընկերոջ՝ Էրիկ Եղիազարյանի մայրն էլ ասաց, որ երբ որդին զորակոչվել էր, Նարեկը 1 տարվա ծառայող էր, սակայն միանգամից մտերմացել էին, լավ ընկերներ էին։ Պատերազմի օրերին էլ միասին են եղել, սակայն օրերի տարբերությամբ Էրիկը նույնպես զոհվել է․

«Պատերազմի այդ օրերին իրար կորցրել էին, նահանջի ժամանակ Էրիկս իջել էր, տղերքը մնացել էին դիրքերում, 4 օր ման գալուց հետո Էրիկս կամավոր բարձրացել էր դիրք, որ տղաներին գտներ, ու այնտեղ էլ անմահացավ․․․»։

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Նարեկ Մանուկյանի մարտական գործողություններին։

Մանրամասներ՝ 168am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս