Ադրբեջանը և մեր իշխանությունները վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Էլիբեգովա

«ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ցավով արձանագրեց՝ հանրության մի հատված համակերպվել է իրականության հետ և պատրաստ է շարունակել զիջողական, վախեցած կեցվածքով ապրել:

«Այսօր նաև Ադրբեջանի համատեղ բնակվելու խաղաղասիրական լոզունգների ընկալման ցանկալիության խնդիր ունենք, որովհետև հասարակության գիտակից հատվածի համար ակնհայտ է և հասկանալի, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել, և ոչ միայն չի կորել, այլև պատերազմից հետո ավելի մեծ մասշտաբների է հասել:  Նրանք պարտվածի բարդույթից ազատվեցին, և նրանց վարքագիծը շատ ավելի ագրեսիվ դարձավ, ատելության քարոզը շատ ավելի սաստկացավ, ինչը կարող ենք տեսնել և՛  Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական՝ արդեն գրոտեսկի հասնող ելույթներում, և՛ իրենց լոբբիստների շրջանակում, և՛ մամուլում, և՛, որպես հետևանք՝  արտացոլված նաև հասարակական մակարդակի վրա»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան:

Ադբեջանագետը հիշեցրեց, որ  տարիներ շարունակ միջազգային հանրությանը ներկայացրել են պատճառները, թե ինչու է բարդ ու անհնարին Ադրբեջանի հետ համակեցությունը, սակայն նրա համոզմամբ՝ այսօր առկա է իրավիճակ, երբ «Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և մեր պետությունը միջազգային մակարդակում ներկայացնող անձանց հռետորաբանությունը շատ նման է, և մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը նրանք փոխանցում են նույն մեսիջները, որոնք չեն բխում հայ ազգի և մեր պետության շահերից»։

«Ադրբեջանի և մեր իշխանությունները, զուգահեռաբար, վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն՝ մեր հասարակության ուղեղում «նստացնելով» այն միտքը, որ հետևանքներն անխուսափելի են, և այն ամենը, ինչ որ  կատարվեց, անվերադարձ է, և ռևանշի, դեօկուպացիայի մասին բոլոր մտքերը նույնիսկ հայ հասարակությունից պետք է արմատախիլ արվեն, մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ», – հավելեց փորձագետը՝ շեշտելով,  որ այդ համակերպումը պետք է կանխել և փակել ապատիայի փուլը. չխոսել միայն կորուստներից և մտածել կորցրածը վերադարձնելու մասին։

«Հասարակությանը պետք է հասցնել այն միտքը, թե ինչու են մեզ համար անընդունելի «Շուշին դժբախտ ու դժգույն էր», «Սյունիքը սովետական քարտեզներով Ադրբեջանինն է» անհեթեթ, անմարդկային հիմարությունները»,- ամփոփեց Անժելա Էլիբեգովան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս