Ստվերային ու ակնհայտ որոշակի երևույթներ են տեղի ունենում. Սեյրան Օհանյան
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում: Նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, ու այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանի մեկնաբանությամբ՝ թեև 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, սակայն այդ ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին, իսկ իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն էլ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար.
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի փորձենք այդ գնահատականը տալ, և դրա արդյունքում որոշումներ ընդունել: Մեզ համար ակնհայտ են պատերազմի և՛ պատճառները, և՛ հետևանքները: Պատերազմի հետ ցավալի է նաև այն երևույթը, որ Հայաստանի և Արցախի համար շարունակական է դարձել այս պարտությունների և անհաջողությունների շարանը, որոնք արդեն գտնվում են ՀՀ տարածքում, Ադրբեջանի հետ մեր շփման գծում, սահմաններում, և այս ամենը բերում է նրան, որ և՛ ակնհայտ, և՛ նաև ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»:
Նա հավելեց, որ նմանատիպ միջոցառումների առանցքում դրված է ազգային դիմադրողականության ստեղծման գաղափարը:
Մանրամասները՝ տեսանյութում