Բաժիններ՝

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Եկատերինե Դգեբուաձեն»,-հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:

Կողմերը քննարկել են դպրոցական սննդի ապահովման գործընթացում փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր, կրթական բարեփոխումների առանձնահատկությունները և այլն: Հայկական պատվիրակությունը հանդես է եկել կրթական ոլորտին վերաբերող զեկույցներով. մասնավորապես՝ «Պետական հանրակրթական ծրագրերի արդիականացում` միջազգայնորեն ընդունված չափանիշներին` STEM կրթություն», «Միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացում. դասավանդման և ատեստավորման նոր մոտեցումներ», «Հեռավար ուսուցում և ՏՏ կիրառումը դպրոցներում», «Դպրոցական սննդի ծրագրի իրականացում», «Ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացում, դպրոցներում հայերենի և վրացերենի ուսուցում», «Համատեղ կրթամշակութային արտադպրոցական ծրագրերի իրականացում», «Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակներ» և այլն:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի թիվ 103 դպրոց, որտեղ գործում են հայկական դասարաններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է աշակերտներին, մանկավարժներին, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և ընթացիկ խնդիրներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս