
«Yerevan Open»-ի ավարտին մնացել է մեկ տուր

«Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարի 8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը հնդիկ Պորանիկ Աբհիմանյուն է: Նա ունի 7 միավոր:
6,5-ական միավոր ունեն երեք շախմատիստ, այդ թվում՝ և Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաժանված է երկու ենթախմբի` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում են 129 շախմատիստներ 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի հնդիկ Նարայանան` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և ուրիշներ:
Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ: