Բաժիններ՝

Կարմիր կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի՝ Կարմիր կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում:

«Այն հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն’ 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր»,-հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։

Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս