Իշխանության՝ հանրությանը մոլորեցնելու տակտիկան

Գործնականում ապացուցված է, որ քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան տոտալ կերպով լծված հասարակության շրջանում պարբերաբար տարբեր մանիպուլյատիվ թեզեր շրջանառելու, ըստ որի՝ առաջիկայում «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան» է բացվելու, «գոյություն ունեցող սահմաններն ապաշրջափակվելու են», «հարևանների հետ հարաբերություններ են կարգավորվելու» և նմանօրինակ մի շարք պոպուլիստական գաղափարներով համեմված տարբեր կեղծ օրակարգեր։ Ըստ էության, սրանք այն թեզերն են, որոնք հասարակ քաղաքացիների մոտ հերթական մոլորության ալիքն են ստեղծում։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները փորձում են պատերազմի վտանգի սպառնալիքով (նախկինների վերադարձը հենց այդպես է մատուցվում, եթե նրանք եկան, նորից պատերազմ է լինելու, ձեր երեխաներին դարձյալ թուրքի դեմ են հանելու)՝ սեփական դիրքերն ուժեղացնել և հասարակության մոտ հերթական անգամ դեմոնիզացնել «չար ու թալանչի նախկիններին»։

Այն փաստը, որ բանակցային կուլիսներում ներկայումս որոշակի գործընթացներ են տեղի ունենում, և, որ Նիկոլ Փաշինյանն իր «կառուցողական» բարեկամի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի, դրա մասին են վկայում երկու կողմերի միջև անընդհատ հնչող «սիգնալները», որոնք հիմնականում դրսևորվում են տարբեր ելույթներում առկա որոշակի կոդավորված տեքստերից։ Վառ օրինակը՝ նախօրեին հինգ հայ գերիների Երևան վերադարձնելու փաստը․ խոսվում է նաև այն մասին, որ առաջիկայում Բաքվին են փոխանցվելու Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված ողջ տարածքների ականապատման քարտեզները։

Փաշինյանի և նրա վարչախմբի առաջ ներկա փուլում խնդիր է դրված հասարակության շրջանում կեղծ խաղաղասիրության հետ կապված թեզերն այն աստիճան հասունացնել, որ հնարավոր զարգացումների ժամանակ, երբ կսկսվի բուն գործընթացը, որևէ կտրուկ և չնախատեսված ցնցումներ չիրականացվեն՝ դրանով իսկ միջազգային շրջանակներում հերթական անգամ ցույց տրվի, թե ինչքան «ժողովրդավար ու խաղաղասեր են» ՀՀ իշխանությունները։  Նման կերպ Փաշինյանը բավական կազմակերպված վերջնականապես փորձում է բթացնել հասարակության պաշտպանական բնազդը։ Փաստացի «տակից» քարոզվում է այն թեզը, որ «թուրքը մեր թշնամին չէ», «շուտով սահմանները կբացվեն, և թուրքական կապիտալը կհոսի Հայաստան», «ժողովրդի ձեռքում փող կլինի» հանրությունը պառակտող դրույթները։

Տեղի ունեցող գործընթացում հատկանշական է նաև այն, որ նիկոլական քվազիխաղաղասիրության քարոզին զուգահեռ՝ Բաքվից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում են սպառնալիքների կոչեր, որոնք տրաբանական ոչ մի աղերս չունեն խաղաղություն ասվածի հետ։ Ավելին, Իլհամ Ալիևն իր յուրաքանչյուր հայտարարության մեջ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ շեշտելով, որ առաջիկայում դրա հետ կապված կոնկրետ գործընթացներ են սկսվելու։ Միաժամանակ Երևանից կոկորդ են պատռում, որ միջանցք ասվածի մասին ոչ մի քննարկում ու պայմանավորվածություն գոյություն չունի։

Ըստ էության վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարբեր շրջաններում զորավարժություններ անցկացնելու գլխավոր ասելիքն ուղղված է հայ ազգին, որ՝ «դուք խաղաղ չեք ապրելու»։ Փաստացի Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, հետամուտ է իր նպատակների իրականացմանը, ավելի կարևոր է այն, թե Հայաստանն ինչպես է դրան վերաբերվում կամ արձագանքում։ Այսօր Նիկոլի իշխանությունն իրականում որդեգրել է երկրի անվտանգությանն ու սահմաններին առնչվող հարցերի պարզաբանումներից մանիպուլյատիվ հնարքներով խուսափելու տարբերակը, հանրությունից իրականությունը թաքցնելը։

Երկրորդ կարծիք չկա, որ գործող իշխանության ղեկավարը որոշ տարածքներ կոնկրետ հուշագրերով հանձնում է թշնամի պետությանը։ Իշխանությունները փորձում են հանրության համար աստիճանաբար տեսանելի դարձնել իրականությունը, որը մատուցվում է մանիպուլյատիվ հնարքներով։ Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ Սև լճի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փաստը, որն ի սկզբանե հերքվում էր, ներկայացվում՝ որպես ադրբեջանցիների կողմից մոլորվելու արդյունք, իշխանության ներկայացուցիչները «Սև լճի տարածքում» լուսանկարվում էին, իսկ հետո պարզվեց, որ թշնամին իրականում 3,8 կմ խորացել է ՀՀ սուվերեն տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ, ավելին, ամրապնդվում է։

Քաղաքագիտության մեջ կա ժողովրդավարության ոսկե կանոն՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, իշխանությունը պարտավոր է թափանցիկ և բաց, հաշվետու լինել, ու ամենակարևորը՝ հիմնավորել իր տեղեկությունները։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս