Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է ենթադրյալ 11 թմրավաճառների ձերբակալության հատուկ գործողություն: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն՝ հանդես գալով հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Բոլոր ձերբակալությունները կատարվել են վերջին տասն օրվա ընթացքում՝ Թբիլիսիի Պոնիչալա արվարձանում: Ձերբակալվածները 20-ից մինչեւ 65 տարեկան են: Նրանք մեղադրվում են թմրանյութերի անօրինական ձեռքբերման, պահպանման եւ վաճառքի մեջ: Այդ հանցագործության համար նախատեսվում է 8-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում կամ անժամկետ կալանք:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Դատավորի որոշմամբ, իրավապահները մի քանի անգամ անցկացրել են «Հերոին», «Ալֆա-PVP» եւ «Բուպրենորֆին» տեսակի թմրանյութերի ստուգիչ գնումներ, ինչպես նաեւ կատարել են գնումների աուդիո- եւ տեսագրություններ»,-ասել է Մամուկա Չելիձեն:
Մեղադրյալներից մեկի տանը կատարված խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել են հերոինի երեք փաթաթ եւ առարկաներ, որոնք անհրաժեշտ են թմրանյութերի ծրարաբաշխման համար՝ էլեկտրոնային կշեռքներ եւ գդալ: Չելիձեի խոսքով՝ ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է:
Բացի թմրանյութերից, նրա տանն առգրավել են հազար լարիի չափով (շուրջ 320 ԱՄՆ-ի դոլար) դրամական գումար: ՆԳՆ-ի տվյալներով՝ փողն ստացվել է թմրանյութերի իրացման արդյունքում:
Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է ձերբակալությունների եւ ստուգիչ գնումների կադրերը: Թբիլիսիում Պոնիչալան համարվում է «թմրավաճառների որջ»՝ հիմնական ուղին, որի միջոցով երկիր են հասնում վտանգավոր թմրանյութեր, հաղորդել է Sputnik-ը: