
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ:
Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:
Նշում է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։
Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով: