«Չափազանց ծանր ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված Հայաստանի շուրջ». Սեյրան Օհանյան
Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ խոսքն ուղղելով 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողներին, ընտանիքի անդամներին՝ նշեց, որ խոնարհվում է նրանց և նրանց հերոս տղաների հիշատակի առջև, որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում այն չնչին հաջողությունները, որոնք տեղի են ունեցել, տեղի են ունեցել քաջարի հրամանատարների և նրանց զինվորների քաջագործությունների շնորհիվ։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք բախվել ենք այն խնդիրներին, որն ուղղված է եղել հայ ժողովրդին, նման իրավիճակներից մենք մշտապես դուրս ենք եկել մեր պատմության ճիշտ գնահատման, միասնականության, նաև հերոս զավակների, քաջարի զինվորների, հրամանատարների նվիրումի շնորհիվ։ Այս խոսքերը հենց այնպես չեմ ասում, որովհետև որքան էլ մենք արձանագրել ենք պարտություն, այդուհանդերձ 283 կիլոմետր սահմանագծի երկայնքով, որը Արցախի Հանրապետության շուրջն էր, շուրջ 265 կիլոմետր տարածքում կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, այն հատվածներում, որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում, հատկապես Արցախի հարավային հատվածում հրամանատարները, զինվորները նույնպես քաջարի կերպով իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը։
«Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ չափազանց ծանր ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված Հայաստանի շուրջ, անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, շատ են։ Այդ սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, հատկապես, որ գտնվում ենք այնպիսի հոգեբանական վիճակում, երբ դեռևս մեկ տարի չի անցել և չեն ամոքվել այն վերքերը, որոնք ունենք»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում