Բաժիններ՝

«Ինչ-որ առումով նախընտրական խոստում է եղել, և այդ խոստումն արդեն կատարվել է»․ Քերոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսի կառավարման լիազորության վերապահումը ՀՀ վարչապետի աշխատակազմին տալն արդյո՞ք նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած խոստումներից մեկն է, թե՝ ժողովրդից գողացվածը վերադարձվելու է ժողովրդին, ասաց․

«Դա ինչ-որ առումով նաև նախընտրական խոստում է եղել, և այդ խոստումն արդեն կատարվել է։ Կարևորը, որ փաստը տեղի է ունեցել։ Մենք շատ ենք աշխատում, որպեսզի մեր խոստումները կատարենք, և երբեմն մեր խոստումները կատարվում են առանց մեր անմիջական մասնակցության, որը կարելի է համարել թեթև բոնուս մեր աշխատանքի համար»։

Ճշտող հարցին՝ սա թալանի վերադա՞րձ է, թե՞ ոչ, Քերոբյանը պատասխանեց, որ բանակցությունների և գործարքի մանրամասներին տեղյակ չէ։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսի կառավարման լիազորությունը վերապահվեց հենց վարչապետի աշխատակազմին, Քերոբյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ սա միջանկյալ որոշում է, և շուտով կորոշվի, թե կոնկրետ որ կառույցը այն կվարի։ Դա կարող է լինի հենց վարչապետի աշխատակազմը, վարչապետի աշխատակազմը դրա իրավունքն ունի, բայց կարող է լինի Էկոնոմիկայի կամ ՏԿԵ նախարարությունը․․․»։

Նախարարի խոսքով՝ այս պահին գործարանի աշխատանքների կազմակերպման հարցեր են քննարկվում․

«Նախապատրաստվում ենք ճանապարհային քարտեզին, թե ով ինչ գործողություններ պետք է կատարի, որպեսզի մենք 2-3 տարվա ընթացքում ունենանք աշխատող պղնձաձուլարան։ Իհարկե, 100 տոկոսով որոշված չէ, թե ում է պատկանելու պղնձաձուլարանը, ով ինչ մասնակցութուն պետք է ունենա, որովհետև Հայաստանի մյուս հանքերի շահագործողները նույնպես հետաքրքրություններ ունեն, գուցե հրավիրենք այլ ընկերությունների այս գործընթացի մեջ․․․»։

Դիտարկմանը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունն է շրջանառվում, Քերոբյանն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում։

Հիշեցնենք, որ Սյունիքում նախընտրական հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու:

Այն մարդիկ, որոնք ամբողջ Հայաստանն ուզում են հակադրել Սյունիքին, Սյունիքն այդ մարդկանց հայրենիք չէ, այլ օֆշորային գոտում գտնվող հաշիվները լիցքավորելու աղբյուր, սեփական ՍՊԸ-ներով ժողովրդին պատկանող հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պտտելով իրենց ու հարազատների գրպանները լցնելու աղբյուր, սահմանային մաքսային տերմինալներն աշխատացնելու աղբյուր, և մենք նրանց այդ բոլոր աղբյուրները կտրելու ենք ու վերադարձնելու ենք ժողովրդին»:

Մեկ ամիս անց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ) պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ՝ արգելելով, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները, ԱԱԾ հատուկջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակիցների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս