Բաժիններ՝

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փայլուն է հանդես եկել Չեխիայի «Մորավյան աշուն» փառատոնում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությամբ է ելույթ ունեցել «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում՝ եզրափակիչ համերգով:

Հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան թատրոնում, որը լեփ-լեցուն է եղել, նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրել է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր: Հնչել են Տիգրան Մանսուրյանի ‹‹… and then I was in time agai›› ստեղծագործությունը՝ ալտի և կամերային նվագախմբի համար, Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3 և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2 գործերը:

Ֆիլհարմոնիկի համերգը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: «Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց… Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ելույթը: Նվագախումբը նվագում էր մեծ ոգևորությամբ և առավելագույնս կենտրոնացած՝ կատարման մեջ ներդնելով իր ողջ էներգիան ու խանդավառությունը: Համերգի ավարտին հանդիսատեսը չխնայեց ծափողջույնները: Բռնոյի միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց ազդեցիկ և պատվով»,- նշել է երաժշտագետ Կարլա Հոֆմաննովան:

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկն է եղել: Համերգից հետո, Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ասել է, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին, որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը:

Համավարակով պայմանավորված՝ միջազգային շրջագայությունների սահմանափակումների չեղարկումից հետո Ֆիլհարմոնիկը երկրորդ անգամ էր արտերկրում: Նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցելության կապակցությամբ: Համերգը տեղի է ունեցել Հռոմում՝ Իտալիայի նախագահի նստավայր “Palazzo Del Quirinale”-ում։ Հնչել են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները, Մանսուրյանի Ռոմանսը` ջութակի և լարայինների համար, Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը և Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» ստեղծագործությունը` գրված ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներն են եղել դաշնակահարուհի Մայա Օհանյանը և ջութակահարուհի Սոնիկ Չաքրյանը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս