Հայաստանում օտարերկրացի գործարարների համար դյուրացվում է լիցենզավորման կարգը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց օտարերկրացիների համար լիցենզավորումը դյուրացնելու կարգը: Զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանեց, որ որոշ ժամանակ առաջ Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն, որպեսզի «օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեությանն ավելի հասանելի և մատչելի լինի»:
Քերոբյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքում գործունեության 78 տեսակից առանձնացվել է 13-ը, և կարծում են, որ դրանց նկատմամբ օտարերկրյա ընկերություններին լիցենզավորման ավելի հեշտ պայմաններ կարող են առաջարկել:
«ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, ՉԺՀ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց համար հեշտացնում ենք լիցենզավորվելու հնարավորությունը հետևյալ գործունեություններում՝ մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մատուցում, փոստային կապ, միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում, քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:
Այսպիսով մենք էապես բարելավում ենք գործարար միջավայրն այս ոլորտներում և թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերությունները կարողանան ավելի հեշտ մասնակցել Հայաստանում տնտեսական գործունեությանը՝ պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով»,- ասաց Վահան Քերոբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում