ՀՀ ԱԳ նախարարը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։
Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:
«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:
«Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։