
Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը:
Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար:
Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։