«Թշնամու մեքենաների շարժը մենք տեսնում ենք գիշերով, երբ լույսերը վառած բարձրանում են դիրքեր, իսկ ցերեկով դա տեսանելի չէ». Կութի գյուղապետ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։
«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ: Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»,- նշել էր ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսեցին հերքել՝ ասելով, թե թշնամին որևէ գործողություն իր զբաղեցրած տարածքում չի իրականացնում։
Նախ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն հատվածները, որտեղ թշնամին առաջ է եկել, մխրճվել են ՀՀ սուվերեն տարածք, որևէ ամրաշինական աշխատանքներ չեն կատարում.
«Այսօր խոսել եմ 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա ինձ ասել է, որ նման բան չկա, այսինքն՝ թշնամին այդ տեղերում չի ամրանում»։
168.am–ի հետ զրույցում, սակայն, Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը հերքել էր մարզպետի պնդումները, հաստատել ՄԻՊ-ի հայտարարությունը՝ նշելով, որ թշնամին վաղուց է ամրացնում իր դիրքերը և մեծաքանակ վառելափայտ է կուտակում։
«Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնելուն, ապա մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում։ Այդ ամենը ամենօրյա բնույթ է կրում։ Մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են բերում, ձմռանն են նախապատրաստվում»,- նշել էր Արտյոմ Երանոսյանը։
Նա նաև շեշտել էր՝ մարզպետը չի՞ տեսել, որ մայիս ամսից թշնամին ՀՀ սուվերեն տարածքում նստած՝ աշխատում է, ամրացնում դիրքերը։
«Հիմա էլ ի՞նչ պետք է անեն, ինչ անելու էր, իրենք էն գլխից արել են։ Լավ է, որ այս շրջանում կրակոցներ չկան»,- ասել էր Վերին Շորժայի գյուղապետը։
Պաշտպանության նախարարությունը ևս անմասն չմնաց իշխանության ներկայացուցիչներից․ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով հերքեց ՄԻՊ հայտարարությունը։
168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ թշնամին որտեղ ներխուժել է մայիսի 12-ին, նույն դիրքերում կանգնած են։
«Իրենք սարի հետևում են, մենք իրենց վրաններն ենք տեսնում, նկատելի է, որ աշխույժ են, շարժ կա, այլ բան չենք տեսնում։ Հիմա որ գյուղում կանգնում-նայում եք, իրենց վրաններն ենք տեսնում, մենք չգիտենք՝ իրենք սարի հետևում ինչ գործողություններ են անում, ի՞նչ իմանանք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Տեխնիկայի շարժ անզեն աչքով չի երևում, պետք է հեռադիտակով ամեն վայրկյան հետևենք, որ տեսնենք։ Հնարավոր է՝ Շորժայի, Սոթքի տարածքում թշնամու գործողություններն ավելի տեսանելի են, մենք անզեն աչքով չենք տեսնում։ Իրենց մեքենաների շարժը մենք տեսնում ենք գիշերով, երբ լույսերը վառած բարձրանում են դիրքեր, իսկ ցերեկով դա տեսանելի չէ, գիշերով այդ լույսերից ենք իմանում, որ տեխնիկա են բարձրացնում դիրքեր»,- նշեց Սիմա Չիտչյանը և ընդգծեց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, առ այսօր նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։