Առուշանյանը բոլորին ապացուցեց, թե ինչ պատկեր է այսօր. Վահե Հակոբյան

«Համոզված եմ՝ սա հերթական քաղաքական հետապնդումն է, քանի որ Առուշ Առուշանյանը մեր հանրությանը և բոլորին ապացուցեց, թե այսօր ռեալ պատկերն ինչպիսին է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններին և արդեն վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր նկատմամբ իրականացված գործողություններին։

Ըստ պատգամավորի, այդ նույն պատկերը եղել է նաև հունիսի 20-ին։ Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է երեք ուժ, եթե մի քանի ուժ մասնակցեին ընտրություններին, ապա իշխանության ստացած 35 տոկոս քվեն, լավագույն դեպքում, լինելու էր մինչև 20 տոկոս։

Անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին՝ գնաճի վերաբերյալ, Վահե Հակոբյանն ասաց, որ այսօր գնաճը երկրի ամենամեծ խնդիրներից մեկն է։

«Նմանատիպ խնդիր հանդիսանում է նաև արտագաղթը, որն ահռելի ծավալների է  հասնում։ Գնաճն այսօր մեզ համար «սովորական» է, միայն օգոստոսին գնաճը եղել է 8,8 տոկոս, քանի որ բացակայում են ներդրումները, մենք չենք կարող հավերժ ներքին շրջանառության հաշվին ունենալ լավ ցուցանիշներ։ Մնացածը պոպուլիզմ ու ամպագոռգոռ բառեր են»,- եզրափակեց Վահե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս