«Ենթադրաբար, շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը. Թշնամին դիմադրության չհանդիպելով՝ առաջ է գալիս». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Փայլասարին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կապանի համայնքապետը պնդել էր, որ սարն ամբողջությամբ անցել է թշնամու վերահսկողության տակ: Եվ Վահե Հակոբյանը մեջբերելով  Գևորգ Փարսյանին՝ ասաց, որ նա  մանրամասն բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել.

«Ես պետք է հղում անեմ Կապանի համայնքապետին, քանի որ նրանից լավ այսօր որևէ մեկը չի ներկայացնի  ռեալ իրավիճակը։ Նա բավականին մանրամասն ներկայացրեց այսօրվա պատկերը։ Նույն Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածում մենք նույնպես ունենք խնդիր, որովհետև ադրբեջանական զինված ուժերը չհանդիպելով որևէ դիվանագիտական և այլ դիմադրության՝ քայլելով գալիս են առաջ։ Ենթադրաբար, շուտով մենք կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բարձունքը, որն անմիջապես առնչվում է գյուղի հետ»,- նշեց Վահե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, Փայլասարն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է։

Ինչ վերաբերում է իշխանության այն պնդումներին, որ Փայլասարը թշնամու հսկողության տակ չէ, Վահե Հակոբյանը նկատեց. «Իշխանությունն արդեն երեք տարի բան է ասում, դե անլուրջ է, էլի։ Գևորգ Փարսյանը մանրակրկիտ այդ հարցին անդրադարձել է՝ դա ռեալ պատկերն է»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, առ այսօր նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս