Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի AY.4.2 նոր տարբերակով առաջին ախտահարվածին
Կորոնավիրուսի «դելտա» շտամի AY.4.2 նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իսրայելում, որն ամռան կեսերին հայտնվել էր Եվոպայի մի քանի երկրներում: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Իսրայելի I24 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել է հոկտեմբերի 19-ի երեկոյան Բեն Գուրիոն օդանավակայանում 11-ամյա երեխայի մոտ, որը ժամանել էր Մոլդովայից: Դրանից հետո երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հավաստեցին AY.4.2 տարբերակով վարակման առաջին դեպքը, հայտնում է հեռուստաալիքը՝ նշելով, որ ախտահարվածն Իսրայել վերադառնալուց հետո ոչ մեկի հետ չի շփվել եւ գտնվում է մեկուսացման մեջ:
AY.4.2 տարատեսակը հայտնաբերվել է հուլիսին Մեծ Բրիտանիայում, BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալների համաձայն՝ արդեն դրան է բաժին ընկնում երկրում վարակման բոլոր նոր դեպքերի շուրջ 6 տոկոսը: Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, հուլիսի 30-ին երկրում սկսել են կատարել այդ պատրաստուկի երրորդ ներարկումը նրանց, ովքեր երկրորդ դեղաչափով պատվաստվել են ավելի քան հինգ ամիս առաջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս Pfizer պատրաստուկի առաջին դեղաչափն ստացել է 6,2 միլիոն իսրայելացի, երկուսը՝ 5,7 միլիոն, երեքը՝ 3,8 միլիոն: Իսրայելի բնակչությունը հասնում է 9,3 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: