
Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կրճատվել են

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ -ը և Փարիզ-2024-ի կազմկոմիտեն որոշել են կրճատել Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10 500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ 1000 -ով պակաս է: Կնվազի նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը:
Խաղերի պատմության մեջ առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն և մեդալներ կխաղարկվեն բրեյքինգ, սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել Տոկիո-2020-ի ցուցադրական ելույթներում: