Լավ, ինչու գոնե նախագծերը մշակող իրավաբանները չեն ուզում ուսումնասիրել այն հսկայական իրավական բազան, որն առկա է և հասանելի. Լևոն Ջանիբեկյան

Ավիացիոն ոլորտի մասնագետ, իրավաբան Լևոն Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկար է, բայց կարևոր, մասնագետները կհասկանան․
Այսօր ավտոմոքենայով երթևեկելիս մի ռադիոալիքով, լուրերի հաղորդման ժամանակ լսեցի, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ շուրջ 20 տարի չկան կարգավորումներ, որոնք հստակ սահմանում են ՀՀ օդային տարածով, որևէ օդանվի կասեցման (այսպես ասած՝ պերեխվատի) և հարկադիր վայրէջքի կամ խոցման հնարավորութնունները ՀՀ ՀՕՊ զորքերի կողմից։ Դրանից հետո տանը ծանոթացա նախագծին և հիմնավորմանը ու մոտս այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք անգամ չի փորձում ծանոթանալ անցած տարիների ընթացքում ընդունված օրենքներին, ՀՀ անդամակցած միջազգային պայմանագրերին, ՀՀ կառավարության որոշումներին։ Լավ, խի գոնե նախագծերը մշակող իրավաբանները, կամ պատկան մարմինների մասնագետները որևէ ձև չեն ուզում կարդալ, ուսումնասիրել, ծանոթանալ հսկայական իրավական բազային, որը առկա է և հասանելի է թեկուզ և հասարակ օգտատերերին, էլ չեմ ասում մասնագետներին։

Նախ հիմնավորման մեջ խոսք է գնում «․․․պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը»:

Այս դեպքում անհասկանալի է ինչ օդանավի մասին է խոսքը՝ ռազմական, թե քաղաքացիական, իսկ տարբերությունը ահռելի է և չեմ կարծում, որ մինչ օրս ՀՀ պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության նպատակով հակաօդային պաշտպանության զորքերը չեն ունեցել և չունեն լիազորություն խոցելու թշնամական որևէ գործողություն իրականցնող օդանավ, ինչպես օդաչուի կողմից կառավարվող, այնպես էլ անօդաչու թռչող սարք։

Ինչ վերաբերվում է այն քաղաքացիական օդանավերին, որոնք առանց թույլտվության ներխուժում են երկրի օդային տարածք, կամ կան հիմնավոր կասկածներ, որ դրանք կարան սպառնան պետության անվտանգությանը, կամ տարանցիկ չվերթով տվյալ օդանավը փոխադրում է ռազմական նշանակության բեռ, ռազմամթերք, կամ քաղաքացիական օդանավով փոխադրման արգելված որևէ այլ բեռ, ապա այս դաշտը միանշանակ կարգավորված է ու ավելին, վերը նշված նախագիծը քննարկելիս արդյոք հաշվի են առնվել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված Կոնվենցիայի, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի և « Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 737-Ն որոշմամբ, բացի այդ կան միջգերատեսչական համագործակցության պլաններ, որոնք միգուցե դասված են գաղտնիների շարքին ու կանոնակարգում են քաղաքացիական և պաշտպանության բնագավառների լիազոր մարմինների համագործակցության պլանները յուրաքանչյուր դեպքում։

Այսպես՝ 1984 թվականի մայիսի 10-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Համաժողովը ընդունեց Չիկագոյի կոնվենցիայի լարցում՝ ՝ 3 բիս հոդվածը, որը ՀՀ-ն վավերացրել և միացել է 1999 թվականի դեկտեմբեր 8-ին, և որով կարգավորվում են քաղաքացիական օդանավերի նկատմամբ զենքի կիրառման, դրանց կասեցման, երկրների ինքնիշխան իրավունքների և այլ հարցեր կապված օդանվերի անվտանգ թռիչքների հետ: Դրա հիմքով, ինչես պահանջում է տվյալ հոդվածի դրույթները, համապատասխան կարգավորումներ են սահմանվել պետությունների օրենսդրական դաշտերում, այդ թվում ՀՀ։

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով կարգավորվում է ՀՀ օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները, համաձայն որոնց․

«Հոդված 10. Օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները

1. Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանը հնարավոր վտանգ պարունակող գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան թույլտվության հիման վրա:

2. Օդային տարածքի կազմակերպումը պետք է բավարար չափով ապահովի դրա արդյունավետ և ապահով օգտագործումը քաղաքացիական օդանավերի կողմից՝ միաժամանակ հաշվի առնելով ռազմական նպատակներով օդային տարածքի օգտագործման պահանջները: Ռազմական օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու պայմանով:

Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ օդային տարածքի կազմակերպման կարգի համաձայն: Օդային տարածքի կազմակերպման կարգը և թռիչքային կանոնները հաստատում է Կառավարությունը:

Օդային տարածքի կազմակերպումը, թռիչքային կանոնների ներդնումը, կիրառումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը պետք է համապատասխանեն Կառավարության՝ ավիացիայի բնագավառում կնքած բոլոր կոնցեսիոն և դրանց առնչվող այլ պայմանագրերին և ուղղված լինեն դրանց պայմանների ապահովմանը:

3. Օդային տարածքի կազմակերպումն օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատերազմի կամ ռազմական դրության հայտարարման և Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:

4. Ելնելով երկրի պաշտպանունակության կամ թռիչքների անվտանգության նկատառումներից` Կառավարության սահմանած կարգով, օդային տարածքի որոշ մասեր կարող են համարվել ավիացիայի (ոչ ռազմական) համար արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր գոտիներ: Նշված գոտիների սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ: Արգելքները և սահմանափակումներն ըստ հնարավորին սահմանվում են դրանց նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:

5. Օդային տարածքի օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմինները և պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. ………»:

Իսկ ահա ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի « Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին» թիվ 737-Ն որոշմամբ կանոնակարգված են քաղաքացիական օդանավերի կասեցման հետ կապված բոլոր դրույթները, ներառյալ կասեցնող օդանավի բոլոր գործողությունները։

Այս բոլոր կարգավորումները ամբողջովին բխում և համապատասխանում են միջազգային պայմանագրերի դրույթներին և նման օրինագծերի մշակմանը կարծում եմ մասնակից պետք է լինեն կարգավորող բոլոր ոլորտների մասնագետները, իսկ եթե նշված օրինագիծը սահմանված կարգով համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և այն մնացել է այս տեսքում, ապա դա շատ ավելի վատ է։ Կարծում եմ նաև, որ արտաքին գործերի գերատեսչությունը ևս պետք է ունենա մասնակցություն այս ամենի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս