ԱՄՆ-ն հերքում է Էրդողանի պնդումները ամերիկյան կործանիչների վերաբերյալ

ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ ԹուրքիանԱՄՆ-ին արդեն վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-եր ձեռք բերելու համար:

«Պենտագոնը շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ F-35-երի վերաբերյալ վեճը հարթելու համար: Չեմ պատրաստվում կանխատեսել բանակցությունների արդյունքը: Չեմ էլ ցանկանում խորանալ մասնավոր խոսակցությունների մեջ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև», – ասել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է գնել F-16 կործանիչներ և արդյոք հնարավոր այդ գործարքի մեջ կարող է ներառվել այն 1.4 մլրդ դոլարը, որը թուրքական կողմը վճարել էր F-35-երի համար, Փրայսն ասել է. «ԱՄՆ-ն չի արել ոչ մի ֆինանսական առաջարկություն F-16-երի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։

Տեսանյութեր

Լրահոս