Ձայն չբարձրացնեք, մի՛ ընդհատեք. վիճաբանություն Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 8-րդ անգամ ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ինչպես նախորդ 7 անգամները, այս նիստում ևս «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Արթուր Ղազինյանի թեկնածությունը արդեն առաջադրել են, ուստի նրա կենսագրությունը ներկայացնելու կարիք չկա։
«Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը շարունակում է մնալ թնջուկային՝ նիստից նիստ տեղափոխվելով։ Ուզում եմ արձանագրել մի բան, որը նախորդ նիստերին բազմաթիվ անգամներ հրապարակային ասել ենք։ ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջադրման իրավունքը դեռ տարիներ առաջ օրենսդրական կարգավորումներով վերապահված է եղել ընդդիմությանը։ «Հայաստան» խմբակցության նախընտրությունը եղել է Արթուր Ղազինյանը, և ամեն անգամ այս հարցը ձգձգելով՝ և՛ հանրության աչքի առջև, և՛ հանձնաժողովի աշխատանքներում միշտ խնդիր է հարուցում։ Կարծում եմ՝ ժամանակն է այս էջը փակելու։ Մեկ բան հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» խմբակցության տեղը որոշում կայացնել և չի կարող իր որոշումը պարտադրել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձ է արել երկրի համար լուրջ սպառնալիքներ հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անել հանձնաժողովում։ Սակայն ԱԺ ղեկավարությունը սկզբում քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն հետո անգործություն դրսևորել։
«Երկու անգամ ընդդիմությունը նախաձեռնեց Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը հանձնաժողովի նախագահի տարբեր արհեստական պատճառաբանություններով կրկին չեղավ։ Այժմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միացել են, կօգտվեն սահմանված օրենքներով ու սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքներից, ըստ որի՝ հատուկ նիստ կհրավիրեն ԱԺ-ում, որպեսզի բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվեն, որ քաղաքացին հասկանա՝ իր երկրի վիճակն ինչպես է»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքն ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատճառաբանելով, որ Գեղամ Մանուկյանը թեմայից շեղվել է, և նրան հատկացված ժամանակը սպառվել։
«Պարոն Քոչարյան, խնդրում եմ մյուս անգամ ինձ չընդհատեք»,- հակադարձեց Գեղամ Մանուկյանը։
Դրան հետևեց Անդրանիկ Քոչարյանի կտրուկ պատասխանը, թե ընդհատելու է: Չեք կարող, ի պատասխան հանձնաժողովի նախագահի խոսքի՝ ասաց Գեղամ Մանուկյանը.
«Ձեր ձայնն ինձ վրա չբարձրացնեք, երբ ես խոսում եմ՝ ձայն չբարձրացնեք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում