«Իրականում իշխանությունն անվտանգության վերականգնման ուղղությամբ որևէ լուրջ աշխատանք չի կատարում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օգոստոսի 2-ից սկսած տարբեր գրություններով, հարցադրումներով, նաև առաջարկներով դիմում է տարբեր գերատեսչությունների՝ հասկանալու սահմանային ընթացիկ իրավիճակը և առաջիկայում նախատեսված ծրագրերը։
«Վերջին գրությունն ուղղված էր Պաշտպանության նախարարությանը, որի պատասխանն այսօր եմ ստացել։ Մասնավորապես՝ ես հետաքրքրվել եմ, թե արդյո՞ք անհրաժեշտ վերլուծություններ արվել են Արցախի 44-օրյա պատերազմի հետ կապված, որո՞նք են եղել մեր հիմնական խնդիրները, և դրանց կարգավորմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։ Ինձ ուղղված գրության մեջ նշել են, որ Գլխավոր շտաբում շարունակվում են 2020 թվականի պատերազմի համապարփակ ուսումնասիրությունը, որի վրա հիմնված՝ Զինված ուժերում կատարվում են խորքային բարեփոխումներ, որը ենթակա չէ հրապարակման։ Ես դիմել եմ՝ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, սակայն պարզվում է որ այդ տեղեկատվությունը փակ է ոչ միայն քաղաքացիների, այլև հանձնաժողովի անդամների համար»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ երկրում խորքային բարեփոխումներ են իրականացվում, սակայն չի կարող երկրում խորքային բարեփոխում լինել, և դրա մասին որևէ մեկը չիմանա։ Եվ եթե կա որևէ հայեցակարգ, ապա այն մինչև այժմ չի շրջանառվել խորհրդարանում: Իսկ եթե երկրում արմատական բարեփոխումներ ընթանային, ապա խորհրդարանում ուղղակի ժամանակ չէին ունենալու։
«Իշխանությունը միայն աշխատանքի բացակայության քողարկմամբ է զբաղված և իրականում անվտանգության վերականգնման ուղղությամբ որևէ լուրջ աշխատանք չի կատարում։
Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը 10 շրջան հանձնեցին պատերազմի արդյունքում տարբեր դրվագներով, դրանից հետո սկսվել է պայմանական «Խաղաղության դարաշրջանը», և մնացած կորուստներն արդեն արտահայտվում են խաղաղ գործընթացի միջոցով»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում