Աֆղանցի քաղաքական գործիչը հայտնել է երկրի երիտասարդությանը հավաքագրելու ԻՊ-ի փորձերի մասին
Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղը փորձեր է ձեռնարկում ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսում ու հարավում եւ փորձում է հավաքագրել այդ շրջանների երիտասարդությանը: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ Միր Հայդար Աֆզալին:
«Իսլամական պետության» ամենավտանգավոր անդամները, որոնք անցյալում ձերբակալվել էին Աֆղանստանի ուժերի կողմից, ազատ են արձակվել բանտից, եւ այժմ նրանք երիտասարդներին կոչ են անում՝ համագործակցել իրենց հետ»,-Աֆզալին գրել է Twitter-ում: Ավելի վաղ աֆղանցի մի շարք փորձագետներ նշել են, որ թալիբների կողմից Աֆղանստանը գրավելու ընթացքում երկրից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին ազատ են արձակվել բանտերի կալանավորները, որոնց թվում եղել են նաեւ ԻՊ-ի հարյուրավոր կողմնակիցներ: Աֆզալիի խոսքով՝ ԻՊ-ն դեռ չունի լավագույն սպառազինություն եւ լավագույն պայմաններ, բայց, նշել է նա, իրադրությունն ապագայում կարող է փոխվել: Երեւումէ, որ Աֆղանստանում դեռ չի հաջողվում ծայրահեղականության վերջը տալ, նշել է քաղաքական գործիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: