«Անհանգստությունը միշտ էլ կա, որովհետև թուրքը մեր քթի տակ է, ամեն րոպե մենք վտանգի ենք սպասում». Սրաշենի ղեկավար

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հաստատել է, որ Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին, և արդեն 2 օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն ասաց, որ Փելա սարը Սրաշենից հեռու է, գյուղը գտնվում է  սարի հակառակ կողմում, սակայն իրենք վտանգներից ապահովագրված չեն, քանի որ թուրքն արդեն գյուղի մոտակայքում է։

«Թշնամին մեր գյուղից 1,5 կմ հեռավորության վրա է, անորոշությունը, վտանգի զգացողությունը միշտ էլ կա, քանի որ թուրքը մեզ շատ մոտ է։ Ճիշտ է, կրակոցներ լինում են, բայց ոչ գյուղի հարակից տարածքում, գյուղում էլ դրանք խուճապ չեն առաջացնում, մեր անասուններից են անցնում թշնամու հսկողության տակ գտնվող տարածք, ու նրանք չեն վերադարձնում։ Անհանգստությունը միշտ էլ կա, որովհետև թուրքը մեր քթի տակ է, ամեն րոպե մենք վտանգի ենք սպասում»,- նշեց Անահիտ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ քանի որ թուրքը շատ մոտ է, անկանխատեսելի է, թե ամեն վայրկյան ինչ քայլերի կարող է դիմել։

«Կրկնում եմ՝ թուրքը մեզ շատ մոտ է, ու ամեն վայրկյան նրանից վտանգ ենք սպասում»,- եզրափակեց Անահիտ Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս