
Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. ՔԿ

2021թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Մեկ օր անց 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք և գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տղամարդու մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: