
Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները

Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները: Այդ մասին հաղորդում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:
«Մարտական պատրաստության ծովային զինափորձարաններում անցկացվող վարժանքների գործնական փուլերի ընթացքում երկու երկրների նավերը կատարելագործել են նավերի հակաականային պաշտպանության առաջադրանքները՝ հրետակոծելով լողացող ականների մակետները: Պայմանական հակառակորդի նավերի ոչնչացման էպիզոդում ռուսաստանցի եւ չինացի նավաստիները հրետակոծել են ծովային քարշակվող թիրախ-վահանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հակաօդային պաշտպանության վարժանքների շրջանակներում նավերի ջոկատները հակազդել են Արեւելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության բանակի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներին եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի ուղղաթիռներին:
Ռուսաստանի եւ Չինաստանի նավաստիները կատարելագործել են համատեղ տակտիկական մանեւրումը եւ կապի կազմակերպումը: «Ծովային փոխգործակցություն-2021» զորավարժությունների ավարտական փուլում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը հականավային ավիացիայի ինքնաթիռների օգնությամբ միասին գտել եւ շրջափակել են «հակառակորդի» սուզանավը: Ընդամենը վարժանքների ընթացքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նավաստիները կատարել են 20-ից ավելի տարբեր մարտական վարժություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: