
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

Հոկտեմբերի 18-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվան կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 13:49-ին (Երեւանի ժամանակով 09:49) գրանցվել են Հուալյանի գավառի ափերից դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Օջախն ընկած է 30,2 կիլոմետր խորության վրա: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Դրա հետ մեկտեղ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 13:49-ին (Երեւանի ժամանակով 09:49) նույն այդ շրջանում գրանցել է 4,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, որի օջախը գտնվել է 31 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժերը Հուալյանի գավառում վիճակագրորեն ավելի հաճախ են տեղի ունենում, քան կղզու այլ շրջաններում. 2018 թվականի փետրվարին այստեղ տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որը 16 մարդու կյանք է խլել, եւս 285 մարդ տուժել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: