Հարկերից խուսափած ընկերությունը հայտնվել էր ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման տեսադաշտում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
Ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ կաբելային և ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հիմնադիրը, կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրել է ևս երկու ՍՊ ընկերություն, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարող կազմակերպություններ, փաստացի կառավարվել են նույն հիմնադիրի կողմից և իրականացրել են վերոնշյալ ՍՊ ընկերության գործունեությունը, ու այդ կերպ պետական բյուջե չի վճարվել, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, առանձնապես խոշոր չափի՝ մոտ 43 միլիոն 580 հազար դրամ ավելացված արժեքի հարկը։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: