Խավարը մեր մեջ պիտի տեղ չունենա
«Նայեա՛ և լո՛ւր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, լո՛յս տուր, Տէր, աչաց իմոց, զի մի՛ երբէք ննջեցից ի մահ»:
«Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, լո՛ւյս տուր, Տե՛ր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ» (Սաղմոս 12:4):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Սուրբ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպոսի, Հովհաննեսի և Շիղայի՝ Սիղվանոսի հիշատակության օրն է: Մենք մեծ բարեբախտություն ունենք մշտապես Սուրբ Անանիայի մասունքների առջև երկրպագելու Աստծուն և սրբի բարեխոսությունը հայցելու: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռը Սուրբ Անանիայի անունն է կրում, քանի որ այդտեղ են ամփոփված նրա մասունքները, որի համար էլ միջնադարում այս սրբավայրը կոչվել է «Անանիայի անապատ»: Իսկ այսօր մեզ համար առանձնահատուկ օր է, քանի որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ է բերվել նաև Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը:
Սուրբ Անանիան, ինչպես բոլորդ գիտեք, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդն էր, որն արժանացավ լույս պարգևելու Սուրբ Պողոս առաքյալի աչքերին, և որը առաջին նահատակներից էր, որոնք չարչարվեցին և մարտիրոսվեցին Աստծո Միածին Որդու Անվան համար: Սիրելինե՛ր, Պողոս առաքյալը իր հավատի և Աստվածպաշտության մեջ նախանձախնդիր մարդ էր, որ հալածում էր քրիստոնյաներին՝ նրանց համարելով Աստծուն հայհոյողներ: Ահա թե ինչ է ասում Ավետարանը. «Սողոսը, դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով լցված, քահանայապետի մոտ եկավ և նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղված, որպեսզի եթե գտնի այդ ճանապարհին հետևող որևէ մեկին, տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի» (Գործք 9:1-3): Այս տողերը մեզ խորհելու առիթ են տալիս, որովհետև Սուրբ Պողոս առաքյալի նախանձախնդրությունը նրան մոլորության և թյուրիմացության մեջ էր գցել, բայց Աստծո ողորմածությամբ ժամանակին նրան հայտնվեց Հիսուս Քրիստոս և նրա մոտ ուղարկեց Սուրբ Անանիային, որն էլ բժշկեց նրա կուրացած աչքերն ու կուրացած միտքը: Մենք էլ շատ հարցերում, հետևելով մեր իսկ դատողություններին, սխալ ճանապարհի վրա ենք հայտնվում կամ ընտրում ենք խոտոր ճամփաները, փոխանակ ապավինելու Աստծո կամքին, Աստվածաշնչի և մեր մայր եկեղեցու ուսուցմանը, քանի որ մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ճշմարիտ հավատքը, Աստվածպաշտությունը և քրիստոնեական պատվիրանապահությունը չպետք է խառնել նախնիների ավանդությունների, ժողովրդական զանազան հավատալիքների, սնոտիապաշտությունների, պատկերացումների հետ, և աղավաղել մեր սուրբ հավատքը: Հիշենք, թե ինչ ասաց Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, երբ վեճ ծագեց նախնիների ավանդությունների շուրջ. «Փարիսեցիներն ու օրենսգետները հարց տվեցին Նրան. «Ինչո՞ւ Քո աշակերտները նախնիների ավանդության համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»: Նա պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը Ինձ շրթունքներով է մեծարում, բայց նրանց սրտերը Ինձնից հեռու են, իզուր են Ինձ պաշտում, ուսուցանում են վարդապետություններ, որ մարդկանց պատվիրածներն են»: Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդությունն եք պահում»: Ապա ավելացրեց. «Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք»» (Մարկոս 7:5-9):
Սուրբ Պողոս առաքյալն էլ մեկն էր նրանցից, որ, նախնիների ավանդությանը հետևելով, հետապնդում էր քրիստոնյաներին, անվախ և վստահ մասնակցում նրանց քարկոծմանն ու սպանություններին: Նա անհավատ չէր, նույնիսկ շատերից ավելի խստակրոն էր և խստապահանջ իր հավատքի մեջ, սակայն, քանի որ չէր ճանաչում Հիսուս Քրիստոսին, անկատար էր նրա հավատքը, որովհետև նրան պակասում էր քրիստոնեական մեծ սերը, որը մեզ սովորեցրեց Քրիստոս: Գաղտնիք չէ, որ «արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք, կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր, հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ»: Մինչդեռ Սուրբ Անանիան, հետևելով Քրիստոսի հրահանգին՝ գնալ և բուժել Պողոս առաքյալի աչքերը, հնազանդությամբ կատարեց Տիրոջ կամքը. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տերն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, Որը քեզ երևաց այն ճանապարհի վրա, որով գալիս էիր, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով» (Գործք 9:17):
Դրանից հետո Սուրբ Պողոսի աչքերը բժշկվեցին, և Նա մկրտվեց: Սիրելի՛ Քրիստոսապաշտ հավատացյալներ, եկեք այսօր խնդրենք Տիրոջը, որ մեր հոգու և սրտի աչքերը նույնպես բացվեն, և մենք կարող լինենք հետևելու Քրիստոսի լույսին, ունենանք անաղարտ հավատք և անշեղորեն ընթանանք առ Աստված: Խնդրենք Աստծուց. «Հաւասարեա՛ զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս Քոյ, որք հոգւով և ճշմարտութեամբ Քեզ երկիր պագանեն»: Մեզ հարկավոր է զգույշ լինել հավատքի դավանանքի մեջ, հոգով և ճշմարտությամբ երկրպագել Աստծուն, Աստվածաշունչ ընթերցել և ծանոթ լինել եկեղեցու հայրերի ավանդած վարդապետությանը, որպեսզի չընկնենք հերձվածական մտքերի և մեկնությունների ազդեցության տակ:
Հավատքը ամենօրյա աշխատանք է՝ մեր հոգու ներսում կատարվող: Մենք մեր հավատքը պետք է հանձնենք Աստծուն, որպեսզի Նա շտկի, հղկի, մաքրի այն կեղծիքից, սխալ և օտար ճանապարհներից, թյուրըմբռնումներից: Սուրբ Պողոսի նման, ճշմարիտ հավատքի նախանձանխնդիր լինելով, մոլեռանդ չդառնանք, անողոք դառնալով մեկս մյուսի նկատմամբ: Չմոռանանք, որ քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմաններին:
Ճշմարտությունը հասկանալու համար մենք ունենք Ավետարանը և երկուհազարամյա մեր եկեղեցին: Մենք պետք է աղոթենք Աստծուն նրանց համար, ովքեր հոգևոր կուրության մեջ են, որպեսզի Տերը գթա նրանց և բացի նրանց աչքերը, որ նրանք կարողանան լույսին հետևել: Խավարը մեր մեջ պիտի տեղ չունենա: Սուրբ Անանիայի և մյուս բոլոր աշակերտների ու առաքյալների բարեխոսությամբ թող բացվի մեր միտքը Աստվածային ճշմարտության առջև, թող ոչ մի խոչընդոտի առջև չնահանջի մեր հաստատակամությունը՝ հավատարիմ հետևորդներն ու աշակերտները լինելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան