Բաժիններ՝

2021թ․, սեպտեմբերի 27, երեկո…

2021 թվական, սեպտեմբերի 27, երեկո։ Ես ու ամուսինս պատրաստվում ենք ընթրելուն, երբ հայացքս ընկնում է լուսամուտից դուրս: Քարանում եմ երկնքի տեսքից։ Նման երկինք երբեք չեմ տեսել կյանքիս 27 տարիների ընթացքում։ Հենց այսօր՝ մեր ցավի, մեր բաց վերքի, մեր կորուստների տարելիցի օրը երկինքն անպատմելի շքեղ է ու անվերջ խոսուն։ Երկնքում փետրավոր ամպերի մի հսկա կարմրանարնջագույն երամ էր՝ ուղղված դեպի արևը, հեռու բոլոր ցավերից ու կորուստներից։ «Նրա՛նք են, նրա՛նք են, նրա՛նք են»,- շշնջում եմ ես ու չեմ կարողանում հայացքս կտրել երկնքից։ Ես խորհրդապաշտ չեմ, բայց նշանները, այն էլ՝ այսքան ակներև, չնկատել չի հաջողվում։ Պատերազմի բռնկման տարելիցի օրը լույս դարձած հազար-հազար մաքուր հոգիներ վերևից ցույց են տալիս շարժվելու միակ ճիշտ ուղին՝ դեպի արևը, վեհը, մեծը, կարևորը, լույսը․․․

Այն, ինչ նրանք չհասցրին անել, երբ մարմին ունեին, երբ հողի վրա էին կանգնած, պիտի անենք մենք՝ շարժվենք դեպի լույսը, փյունիկի պես վեր հառնենք մոխիրներից։ Մենք դա արել ենք շատ անգամներ: Կրկին եկել է պահը։

Շարժվել դեպի լույսը՝ նշանակում է առաջին հերթին ցած նետել այն քարերը, որ պահում ենք մեր ափերում՝ իրար վրա շպրտելու համար։ Մենք չենք կարող դա հիմա թույլ տալ՝ իրար քարկոծել, մեղադրել։ Այդպես տուն չեն կառուցում, այդպես վերք չեն բուժում, այդպես չեն հզորանում։ Այդպես միայն գլորվում են ավելի ներքև։

Մեկ տարի ապրեցինք՝ փորձելով ուշքի գալ մեծ պատուհասից: Նման մեծ սթրեսից հետո ոչ անհատն է արագ ոտքի կանգնում, ոչ էլ՝ հանրությունը։ Բայց սկսելու ժամանակն է, և այստեղ յուրաքանչյուրն ունի իր անելիքը։

Ամեն մեկս ունենք մեր միկրոմիջավայրը, որի համար պատասխանատվություն ենք կրում. ընտանիք, ընկերներ, աշխատավայր: Մեր կյանքի մյուս բոլոր ոլորտներն այն տեղերն են, որտեղ մենք կարող ենք փոփոխություն կատարել և շրջապատի համար օրինակ լինել։ Մենք կարող ենք մեր օրինակով ցույց տալ՝ ինչպես բարձրացնել ընկածին և ինչպես կարեկից լինել, դառնալ աղ և լույս շրջապատի համար: Մենք պիտի մեր օրինակով ցույց տանք՝ ինչպես կրթվել ու վերակրթվել, ինչպես աշխատել ինքներս մեզ վրա, ինչպես մեր գործում դառնալ լավագույնը, ինչպես աճել և հզորանալ։ Այսպես մեկը, երկուսը, երեքը․․․, ու առողջացման մի մեծ ալիք կսկսվի։ Մի ծաղկով գարնան գալու բանաձևը մեր արյան մեջ է նաև այսօր։ Եղե՛ք հենց այդ ծաղիկը՝ մրսած, չորացած, ամայացած, խեղճացած, փշրված, գարուն բերեք հենց ա՛յս աշնան ցուրտ օրերին։ Դա այնքան էլ դժվար չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։ Բավական է տալ, երբ մեզնից խնդրում են, բավական է օգտակար լինել՝ առանց խնդրանքի սպասելուն, լավի մասին խոսել, քիչ տրտնջալ։ Աշխատել, ստեղծել ու ստեղծագործել։ Ուշադրությունը բևեռել ոչ թե վատի, այլ լավի վրա, ոչ թե մեր տարակարծությունների, այլ ընդհանուր նպատակների վրա։ Ոչ թե հայհոյել ու ցածրացնել մեզնից տարբերվողին, այլ ընդունել, որ մենք բոլորս նույն ձեռքերով ենք ստեղծվել: Յուրաքանչյուրս աշխարհ ենք եկել փորձառելու կյանքը յուրովի․ Աստված չի կրկնում Ինքն Իրեն։

Քրիստոս եկավ աշխարհ ու տվեց ներողամտության ու եղբորը, յուրայինին սիրելու դասը։ Մենք քրիստոնյա չենք, եթե սա մեզ համար ապրելակերպ չէ։ Եթե միմյանց հանդեպ ներողամիտ լինելը, իրար ընդունելը, իրար կարեկցելը ապրելու առանցք չէ՝ հատկապես նման դժվար ժամանակներում։

Մենք երբեք չգիտենք՝ ինչերից են փրկում մեզ մեր փորձությունները, ամենածանր ու դաժան փորձություններն անգամ։ Պատասխանը երևում է միայն վերից նայելիս, երբ երևում է ամբողջ պատկերը։ Մենք չգիտենք՝ ինչ են մեզ սովորեցնում մեր փորձությունները, երբ դրանց մեջ ենք, երբ կրում ենք դրանց ծանր բեռը։ Դասը երևում է միայն, երբ փորձությունն էլ չկա, բայց կա դրա թողած ընծան։ Մենք պիտի վերջապես վերև բարձրանանք՝ տեսնելու՝ ինչից ենք փրկվել, որն է մեր դասը, մեր ընծան։ Ո՞ւր է ուղղորդում մեզ Տերը, ի՞նչ է փորձում հասկացնել Իր հազարամյա ժողովրդին։

Եթե մենք կարողանանք միավորվել՝ դա կլինի լավագույն երախտիքը նրանց, որ գնացին վերև՝ մեզ այնտեղից առաջնորդելու: Ու հիմա վերևից նայում են մեզ, ու մի բան ասում՝ մի ծաղկով գարուն, մի ծաղկով գարուն՝ հենց այս աշնանը, ցավի ու կորստի տարելիցին, փյունիկի նման, Աստծո՛վ․․․

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս