Ինչո՞ւ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վաղվա ընտրություններում սատարում ՔՊ-ական թեկնածուին
Նախընտրական վերջին ժամերին ուշագրավ տեղեկություններ են հասնում Գյումրիից։
Վաղը Գյումրիում քաղաքապետ կընտրեն, և քիչ առաջ ՀՀ` իր մեծությամբ երկրորդ քաղաքից 168.am-ին տեղեկացրեցին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ մերձավոր շրջապատը վաղվա ընտրություններում աշխատելու է իշխող ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին, չնայած այն հանգամանքին, որ իր հարազատ հորեղբոր որդին` Արտյոմ Ղուկասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Առհասարակ գյումրեցիներն ասում են, որ Արտյոմ Ղուկասյանը կարծես կապ չունենա այդ ազգի հետ` նրան բնութագրելով որպես սկզբունքային, կիրթ ու համեստ մարդու։
Ինչևէ, անկախ այն հանգամանքից, որ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հետախուզվում է, ինքն էլ անցնում է քրեական գործերով, անգամ հայտարարել էր, որ կալանքի տակ է իր ողջ ունեցվածքը, վաղվա ընտրություններում ՔՊ-ական թեկնածուին սատարելով` Վարդան Ղուկասյանը մեկ այլ, ոչ պակաս հարց է լուծում։
Մեր տեղեկություններով` իր հարազատ Սլաբոդկա թաղամասի 1-ին և 6-րդ դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերից ՔՊ-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ բերելու պարագայում նրան խոստացել են քրեակատարողական հիմնարկից ազատել առանձնապես ծանր հանցագործություն` սպանություն կատարելու համար 16 տարվա ազատազրկման դատապարտված եղբորորդուն` Վահիկ Ղուկասյանին։
Այս սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Գյումրիում, քանի որ կատարվել էր օրը ցերեկով, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ու նրանց կյանքի համար սպառնալիքով։
Ու հիմա փաստորեն Վարդան Ղուկասյանին խոստացել են եղբոր տղայի ազատությունը ձայների դիմաց։