Ամեն շաբաթ դպրոցներում երեխաները կորոնավիրուսի թեստ են հանձնում, ԱՄՆ-ում և Չինաստանում մտածում են նրանց ևս պատվաստելու մասին

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Սպիտակ տանը հոկտեմբերի 14-ին ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք գնել են այնքան պատվաստանյութ, որը կբավարարի նշված խմբի բոլոր երեխաների պատվաստմանը։

Նա պարզաբանել է, որ իշխանություններն այժմ սպասում են նման որոշման վերջնական հաստատմանն ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների վարչությանը կից Սննդամթերքի և դեղերի վարչության, ինչպես նաև՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների փորձագետների կողմից:

ԱՄՆ բուժահաստատություններից մեկում աշխատող Աննա Ամիրյանի փոխանցմամբ՝ երեխաների շրջանում վարակվածություն կա, բայց եթե առողջական այլ խնդիրներ չեն լինում, հիմնականում նրանք կարողանում են հաղթահարել կորոնավիրուսը:

«Ամեն շաբաթ դպրոցներում երեխաները կորոնավիրուսի թեստ են հանձնում, որն անվճար է: Pfizer-ով սկսել են պատվաստել նաև երեխաներին, սակայն դա պարտադիր բնույթ չի կրում»,- մեզ հետ զրույցում ասաց Աննան:

Ինչ վերաբերում է մեծահասակներին՝ նա տեղեկացրեց, որ հիմնականում պատվաստվում են, եթե ոչ՝ մի շարք սահմանափակումներ են կիրառվում:

«Անգամ աշխատանքի չեն ընդունում, եթե պատվաստված չես: Բայց կարող ես նաև ՊՇՌ հետազոտության թեստ հանձնել, որն արժե մոտ 130 դոլար: Ավելին, արդեն շատերը երրորդ անգամ են պատվաստվում: Ասում են՝ այսկերպ 5 տարով հնարավոր է պաշտպանված լինել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Չինաստանը ևս որոշում է ընդունել  երեխաների պատվաստման մասին:

«Սկզբում ասում էին, որ 3 տարեկանից բարձր երեխաներին կարող են պատվաստել, սակայն հիմա խոսում են 12 տարեկանից սկսած պատվաստելու մասին՝ Sinovac և Sinopharm պատվաստանյութերով»,- հայտնեց Պեկինում բնակող մեր հայրենակիցներից Սոս Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս