Վաղը Գյումրին քաղաքապետ կընտրի. գյումրեցիների բարդ երկընտրանքը

Դեռևս մեկ ամիս առաջ 168.amգրել էր, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխանությունները կմասնակցեն նաև ֆեյք քաղաքական միավորներով։

Գրել էինք, որ 168.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել, գյումրեցիների պնդմամբ, դրանցից մեկի` «Գյումրին կռնա» դաշինքի թե կազմի, թե նրա հետևում կանգնած աներևույթ ու առերևույթ դերակատարների մասին:

Մեզ ասել էին, որ այդ քաղաքական ուժը անմիջականորեն ձևավորվել և վերահսկվում է Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից:

Ըստ էության լիբերալ, ազգային արժեքների չդավանող իշխանությունները՝ ՔՊ-ականները, ձիով քայլ են մտածել՝ պատրիարխալ մտածողությամբ, ավանդապաշտ Գյումրիում գործողության մեջ դնել մի ուժի, որը հանդես կգա ազգային գաղափարների ներքո, ինչը շահեկան կլինի գյումրեցիների ձայները ստանալու տեսանկյունից:

Բերել էինք բազմաթիվ ապացույցներ, մատնանշել կապեր, անձնական հարաբերություններ, սակայն  հրապարակումից հետո մեզ անվանարկող և ոչ մեկը, ով կապ ուներ այդ շարժման հետ, որևէ բովանդակային հակադարձում չարեց հոդվածում հրապարակված փաստերի առնչությամբ։

Ինչևէ, հետաքրքիր քայլ է փորձում անել նախկին մարզպետ ու պատգամավոր Կարեն Սարուխանյանը` ընտրություններին ըստ էության մասնակցելով՝ թե՛ մարդիկ ունենալով ՔՊ-ական ավագանու ցուցակի թեկնածուների մեջ, թե՛ մեկ այլ քաղաքական ուժի միջոցով։ Իսկ դա արվում է լոկ այն պատճառով, որ ներկայումս ունենալով ոչ այնքան լավ հարաբերություններ գործող մարզպետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի հետ, ևս մեկ ուղղությամբ է փորձում ամրապնդել իր դիրքերը հետագայում, այդ թվում՝ նաև Գյումրու քաղաքապետարանում իր մարդիկ ունենալով։

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ «Ազգային արժեք» քաղաքական միավորի հենքի վրա ստեղծված «Գյումրին կռնա» շարժման հետևում երկու անձ է կանգնած` վերոնշյալ Կարեն Սարուխանյանը և վերջինիս ընկեր, Շիրակի նախկին փոխմարզպետ, կահույքի սրահի ու գրավատների սեփականատեր Վարդան Գրիգորյանը։ Վերջինս թեպետ հիմա ցույց է տալիս, որ վատ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ, բայց Գյումրի քաղաքում դրան այնքան էլ չեն հավատում։

Այս լուսանկարում, որը, ի դեպ, հենց շարժման հետ կապ ունեցողներն էլ հրապարակել են, շրջանակի մեջ վերցված են նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն ու Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդին` Արմեն Սարուխանյանը։

Եվ եթե այս լուսանկարում պատկերված անձինք ազգային արժեքներ կրող ընդդիմադիրներ են, ուրեմն Գյումրիում այդ մասին պիտի որ լավ իմանան։

Շարժման մասնակիցները փաստացի չեն էլ թաքցնում, որ կապ ունեն իշխանության ներկայացուցիչների հետ, և փաստորեն Կարեն Սարուխանյանը շարժումը ներսից ղեկավարում է իր հորեղբոր որդու միջոցով։

Մեզ ասացին` շարժման նստավայրը «Արաքս» հյուրանոցն է, որի կողքին գտնվում է ՔՊ-ի գրասենյակը։ Գյումրիում վստահ են` սա արված է այն նպատակով, որ քողարկվի այդ շարժման ու ՔՊ-ի համագործակցությունը, և նրանց մեքենաների համատեղ կայանումը նույն վայրում վերագրվի, օրինակ, հենց իշխող կուսակցության գրասենյակի` հարևանությամբ գործելուն։

«Գյումրին կռնա» շարժման բազային քաղաքական միավորի` «Ազգային արժեք» ակումբի երբեմնի ղեկավար Արմեն Ներսիսյանը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ժամանակին բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ում համար, ըստ նույն աղբյուրների, աշխատել է նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն բավարար ձայներ նրա գլխավորած ուժը չի հավաքել, ու վերջինս դուրս էր մնացել քաղաքական գործընթացներից։

«Իր չեղած վարկանիշը Արմեն Ներսիսյանը փորձեց բարձրացնել կեղծ մահափորձի միջոցով։ Ողջ Գյումրին ծիծաղում էր այն փաստի վրա, որ նա միայն մի քանի օր հետո էր դիմել ոստիկանություն իր սեփական PR-ի համար»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը։

«Գյումրին կռնա» շարժման քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանին ըստ ամենայնի հեռու էին պահում ակտիվ գործընթացներից՝ նրա անունը չարատավորելու համար ընտրություններից առաջ։ Ի դեպ, վերջինիս քեռին Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի մտերիմ ընկերն է։ Իսկ Երվանդ Սերոբյանի քրոջ որդին կաթողիկոսի ու եկեղեցու դեմ «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանն է, ում իշխանությունները դրանից հետո պարգևատրեցին` նշանակելով  Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն։

Եվ ահա, մեր տեղեկություններով, օրեր առաջ Գյումրիում Ռիժկովի ճեմափողոցում ուշ ժամի տեսել են սրճարանում ակտիվորեն ինչ-որ բան քննարկող Վարդան Սրտաշյանին և Երվանդ Սերոբյանին։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ այս շարժմանը նաև Կարեն Պետրոսյանն է աջակցում, թե՞ ոչ, կերևա շատ կարճ ժամանակ անց։

Գյումրիում չեն բացառում նաև նշված շարժման կապը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս