Բաժիններ՝

«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած պնդումները (իբր Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ)՝ շեշտելով, որ «Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք»:

Ինչպես գրում է ԻՌՆԱ-ն, Ղաթիբզադեն ընդգծել է այն փաստը, որ «նման պնդումները համահունչ են սիոնիստական ռեժիմի շահերին և ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:

Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»: Նա շեշտել է, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:

Ընդգծելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ամուր հարաբերությունները՝ Ղաթիբզադեն նշել է, որ, «ցավոք, թվում է, որ չնայած Բաքվից ստացված դրական և մասնավոր ազդակներին, Բաքուն մտադիր է հանդես գալ անհիմն լրատվամիջոցային հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:

ԱՊՀ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը Ալիևն իր հայտարարության մեջ պնդել է, որ Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի՝ նախկինում «օկուպացված տարածքները» (չակերտները՝ Tert.am)՝ մաքսանենգ ճանապարհով թմրանյութերը Եվրոպա հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս