Բաժիններ՝

Ո՞ւմ մասին է հատկապես խոսքը, երբ ասում ենք այս խոսքերը․․․

«Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11։28)։ Տեր Հիսուս Քրիստոս դիմեց մեզ այս կոչով, և այժմ մենք մտածում ենք, թե հատկապես ում էր ուղղված Նրա այս կոչը:

Պարզ է, որ այս խոսքերում հոգնածներն ու բեռնավորվածները ֆիզիկապես հոգնածներն ու ծանր իրերով բեռնավորվածները չեն: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հոգնել են մեղքեր գործելուց և գտել են ճշմարիտ ուղին, որը տանում է դեպի Փրկիչը և փրկությունը: Այն մարդկանց մասին է, ովքեր բեռնավորված են մեղքերով, սակայն միաժամանակ նաև ունեն մեղսավոր լինելու իրենց գիտակցումը և ցանկանում են հանգստանալ՝ բեռները վայր դնելով: Նրանց բոլորին գրկաբաց սպասում է Քրիստոս, որպեսզի թողություն ու հանգիստ շնորհի, որպեսզի ապաշխարհեն ու դառնան առ Աստված:

Իսկ ո՞ւմ մասին է հատկապես խոսքը, երբ ասում ենք այս խոսքերը: Այո՛, բոլորիս:

Մարդկանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ կերպով չարչարվում է՝ կրելով իր բաժին բեռը, գործելով իր բաժին մեղքը: Շատերը, առօրյա հոգսերով տարված, մոռանում են Աստծուն, մյուսները՝ մեղք գործում կամ կրում հիվանդություն ու տառապանք: Այս բոլորը, ինչպես ասված է, պիտի հանգիստ գտնեն առ Քրիստոս իրենց դարձով, զղջումով, հավատքով, ապաշխարությամբ:

Աստված մեզ փնտրում է մեր հավատքի մեջ, և մեր միակ քայլը, որ պիտի տանի մեզ առ Աստված, հենց հավատքն է՝ իրական, լցված հույսով, սիրով, զղջմամբ ու հնազանդությամբ: Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4։8), «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի» (Հակոբոս 4։10):

Վստահ լինենք, որ Տերը ներում է ու ընդունում ապաշխարողին։ Նրա հովանու ներքո, անսպառ զորության ու մարդասիրության մեջ է, որ գտնելու ենք երանելին՝ հոգու հանգստությունը՝ մեծագույն պարգևը քրիստոնյայի համար:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս