Սերգեյ Ատոմյանը կադրային հունձ է սկսել. առաջին պլան են բերվել արտաշատցիները, քննիչներն ու ջրմուղի աշխատակիցը
Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ), 168.am-ի տեղեկություններով, սկսվել է կադրային հունձը։ Արդեն ՔԿԾ-ն նոր կադրերով է սկսել «համալրել» Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը։
Եվ թեպետ, ինչպես մեզ փոխանցեցին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ծառայության մեկ տեղակալ է նշանակել ընդամենը, և ըստ տեղեկությունների` հակված չէ շատ մարդկանց փոխել, սակայն նախարարի տրամադրվածությունը Սերգեյ Ատոմյանի համար ըստ ամենայնի ոչ մի նշանակություն չունի։ Ինչպես հայտնի է, նա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմներից է և կարիք չունի որևէ բան անելիս հարցնել նախարարի համաձայնությունը։
Այսպես` մեր տեղեկություններով` քննչականից արտահոսք է սկսվել ՔԿԾ, իր ընկեր քննիչներին համակարգ է բերում նոր պետը, և ինչպես որ նախկին պետ Արթուր Գոյունյանի ժամանակ դատախազներն էին գերակշռում, այժմ ՔԿԾ ղեկը քննիչների ձեռքում է։
Բացի գործընկեր քննիչներից, Սերգեյ Ատոմյանը համակարգ է բերում նաև մեծ թվով իր համերկրացիների` արտաշատցիների, որոնք արդեն սկսել են իրենց կարգերը հաստատել Ծառայությունում։
Ատոմյանը հակված է շատ փոփոխություններ անելու, որպեսզի կարողանա տիրապետել համակարգին, մինչև կծանոթանա ոլորտի աշխատանքին։
Սակայն Սերգեյ Ատոմյանի ամենաուշագրավ կադրային նշանակումն այս պահին, թերևս, Ծառայության պետի խորհրդականի նշանակումն է, ով մինչ համակարգ գալը երկար տարիներ աշխատել է ջրմուղում։
Մոտ օրերս, հավանական է՝ մինչև շաբաթվա վերջ, կլինեն կարևոր վերջնական նշանակումները։ Այս պահի դրությամբ ևս երկու տեղակալ է լքել Ծառայությունը։ Այսօր ՔԿԾ-ին հրաժեշտ են տվել պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև մյուս տեղակալ Գագիկ Մարկոսյանը։
Մեր տեղեկություններով՝ Արտակ Հարությունյանի փոխարեն՝ ՔԿԾ պետի առաջին տեղակալ կնշանակվի Ատոմյանի ընկերը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը։
Հետաքրքիր իրավիճակ է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Ըստ ստացված տեղեկությունների, տոտալ քաոսային վիճակ է, լարված են հիմնարկի պետի, ով արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի ազգականն է, և աշխատակիցների հարաբերությունները։ Իսկ օրերս էլ այնտեղ օպերատիվ բաժնի պետ է նշանակվել Գևորգ Վարոսյանը, ով ամիսներով, տարբեր պատճառաբանություններով՝ չէր ներկայանում աշխատանքի «Արմավիր» ՔԿՀ-ում, սակայն իրականում ուրիշ խնդիրներ են եղել, որին այժմ չենք անդրադառնա։
Վերջինիս հովանավորն ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն է։
Եվս մեկ ուշագրավ, զավեշտալի պատմություն «Դատապարտյալների հիվանդանոցից»։
Պարզվում է՝ այդ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը զրպարտության համար։ Նրան մեղադրել են ԱԺ ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին աշխատելու համար, սակայն նշանակված ծառայողական քննությամբ այդպես էլ ոչինչ չի ապացուցվել։
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Ամբակում Գրիգորյանն արդեն իսկ նշանակվել է ՔԿԾ պետի առաջին տեղակալ