«Առուշանյանի գործով դատական նիստը նոյեմբերի 5-ին է, հույս ունենք, որ այդ օրը նա կգտնվի ազատության մեջ». Էրիկ Ալեքսանյան
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հույս միշտ կա, որ Առուշանյանի խափանման միջոցը կփոխվի, լավատես են և վստահ, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ։
«Պարոն Առուշանյանի վերաբերյալ գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, մենք նաև այդ ժամանակ ենք պատրաստվում խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել՝ որոշակի դատավարական փուլ անցնելուց հետո։ Կարծում եմ՝ մենք այդ օրը հնարավորություն կունենանք որոշակի այնպիսի ապացույցների հետազոտություն իրականացնել, որը հետագայում մեզ հնարավորություն կտա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Հույս ունենք, որ գուցե հենց այդ օրը պարոն Առուշանյանը կգտնվի ազատության մեջ, որովհետև պետք է հիշել, որ դա պարոն Առուշանյանի համար հաղթանակած օր է՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին նա ընտրվեց Գորիս համայնքի ղեկավար։ Կարծում եմ՝ գուցե պատմությունը կրկնվի, և դա պարոն Առուշանյանի համար հաղթանակի օր գրանցվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանի հետ տեսակցությունների սահմանափակմանը, Էրիկ Ալեքսանյանը նկատեց՝ այստեղ ոչ միայն իրավաչափության, այլև տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։
«Առհասարակ այդ վարույթներն ապօրինի են, հետևաբար՝ այդ վարույթներում կատարվող յուրաքանչյուր գործողություն իրավաչափ չէ։ Սակայն փաստացի ունենք այն, ինչ ունենք, պարոն Առուշանյանի նկատմամբ առկա է համապատասխան սահմանափակում տեսակցությունների հետ կապված։ Նախորդ դատական նիստի ժամանակ անձամբ միջնորդել եմ, որպեսզի այդ սահմանափակումները վերացվեն ամբողջությամբ կամ մասամբ»,- շեշտեց փաստաբանը։
Միաժամանակ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե Առուշ Առուշանյանն իր դեմ սկսված հետապնդումները որակել է՝ որպես քաղաքական և իրավաբանության հետ որևէ հիմք ու աղերս չունեցող գործընթաց։
«Պարոն Առուշանյանը գտնում է, որ այս ամենն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ, այդպես եմ կարծում նաև ես, որովհետև փաստացի այն արարքը, որը վերագրվում է նրան, իրավական ու փաստական հիմք չունի և առհասարակ չի համապատասխանում ոչ մի տրամաբանության»,- եզրափակեց Առուշ Առուշանյանի շահերի պաշտպանը։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավելի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում