
Կատաղի մարտեր են ընթանում Աֆղանստանի հյուսիս-արևելքում

Միանգամից մի քանի աղբյուրներ, որոնք մոտ են կանգնած հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատին, հաղորդել են, որ հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում:
«Ներկայում Անդարաբում կատաղի մարտ է ընթանում թալիբների եւ Ազգային դիմադրության ճակատի միջեւ: Երկու կողմից կան զոհեր, նրանց ստույգ թիվը հայտնի չէ»,-ասվում է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Աղբյուրների խոսքով՝ մարտական բախումներ են ընթանում Բաղլան նահանգի Փուլի-Հիսար եւ Դիհ-Սալահ գավառների տարածքներում, թալիբները, ունենալով ավելի քան 60 սպանված, նահանջել են, կորուստներ կան նաեւ Ճակատի մարտիկների շրջանում, հաղորդվում է նրանց երկու դաշտային հրամանատարների զոհվելու մասին: Թալիբները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, բայց սոցիալական ցանցերում զետեղված են տեսանյութեր, թե ինչպես են «Թալիբան»-ի զինյալների շարասյուներն ուղեւորվում Անդարաբի հարթավայր:
Մինչդեռ թալիբների պաշտպանության նախարարությունը Twitter-ում հայտարարել է, որ Աթաուլլա Օմարին նշանակվել է «Մազարի-Շարիֆ» կորպուսի հրամանատար: Կորպուսի շտաբը տեղակայված է աֆղանական «Շահին» ազգային բանակի նախկին 209-րդ կորպուսի բազայում, որը գտնվում է Բալհ նահանգի կենտրոնի՝ Մազարի-Շարիֆի, արվարձանում եւ պատասխանատու է երկրի հյուսիսի անվտանգության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: