«Նոր Շենում տրամադրությունը լավ եղել է, կա ու լինելու է». Նոր Շենի գյուղապետ
Արցախի պաշտպանության բանակից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Այնուհետև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեպքի առնչությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել»,- նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում Նոր Շեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է։
«Նոր Շենում տրամադրությունը լավ եղել է, կա ու լինելու է, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Նոր Շենի գյուղապետը։
Նա նաև չցանկացավ մեկնաբանել, թե նման սադրիչ գործողություններով ինչ նպատակ է հետապնդում թշնամին՝ ընդգծելով, որ զբաղված է։ Միայն ասաց, որ այս պահին գյուղն ապրում է իր առօրյա կյանքով։