Հայկական կողմի հիմնական բանակցողը սեղանի տակ նստելու միջազգային վարկանիշ ունի. Հայկ Մամիջանյան
«Պուտին-Փաշինյան հանդիպումից, ինչպես նաև դրան նախորդող բոլոր՝ եռակողմ կամ ՄԽ ձևաչափով հանդիպումներից որևէ տեղեկատվություն, որպես այդպիսին, բացակայում է: Սա խոսում է այն մասին, որ որևէ դրական տեղաշարժ հայկական կողմի համար իրենք արձանագրել չեն կարող՝ այլապես, իմանալով իշխանական քարոզչամեքենան, դրա մասին կթնդացնեին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձանագրելով,- Ուստի կարելի է փաստել, որ բանակցային գործընթացում մենք ունենք խիստ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները շատ կանխատեսելի էին: Նախ՝ երբ Հայաստանի կողմից, ցավոք սրտի, հիմնական բանակցողը խոսում է խաղաղությունից, իսկ պատասխան ստանում թշնամու կողմից երեկվա միջադեպի պես դրսևորումները, ապա խոսել, որ մեր երկիրն անվտանգ է, աբսուրդի ժանրից է»:
Այս անվտանգային խնդիրների համատեքստում պատգամավորը հիշեցրեց նաև, որ դեռ մայիս ամսից ՀՀ սուվերեն տարածքում են թշնամու զինված ուժերը, ապա նկատեց. «Պարզ տրամաբանությունը կայանում է հետևյալում՝ բանակցություններին մասնակցելու համար դու պետք է սեղանի շուրջ տեղ ունենաս. հայկական կողմի հիմնական բանակցողը սեղանի տակ նստելու միջազգային վարկանիշ ունի, ուստի ակնկալել, որ նա կկարողանա, նույնիսկ ցանկության և հմտությունների դեպքում, որոնք չունի, հայկական ազգային օրակարգ առաջ տանել, անհնար է: Եվ հենց դրա մասին էինք քարոզարշավի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները խոսում՝ կարևորելով արժանապատիվ խաղաղության թեզը»:
Նա անդրադարձավ նաև շփման գծի վիճակի, մեր զինվորների ծառայությանը վերաբերող սոցիալական ցանցերում տարածվող կադրերին՝ դրանք որակելով «ահասարսուռ»:
«Մի հատ էդ կադրերը նայեք, հետո ելակները հիշեք սրանց ասած. ոնց որ չի համադրվում իրար հետ: Այ, այդպես է լինում, երբ ռազմարվեստից, բանակաշինությունից խոսում են դիլետանտներ՝ մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում բանակից, իսկ հաճախ՝ իրենցից որոշները եղել են բանակի թիվ մեկ թշնամին՝ կասկածի տակ դնելով մեր բանակի մարտունակությունը, քարոզ տանելով բանակի դեմ, տանելով հակաղարաբաղյան քարոզ, իրենց էժանագին փիառը կառուցելով ի հաշիվ մեր բանակի»,- հավելեց նա:
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ միջազգային հարթակներում հաջողություն ակնկալել անհնար է. պատգամավորը որպես ասվածի հավաստում՝ հիշեցրեց, որ կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ իր հարցին, թե կա՞ արդյոք կառավարության մեջ մի հոգի, մի շնչավոր, որ ունակ է ԱԺ-ի հիմնական տրիբունայից պնդել, որ մեր հայրենիքի մաս կազմող Հադրութն ու Շուշին օկուպացված են թշնամու կողմից, պատասխանը եղել է լղոզված, «ոչնչի մասին պատասխան ԱԳՆ-ի կողմից».
«Իրենք փորձում են դա պատճառաբանել, թե իբր ռևանշիզմին դեմ են, և այլն, ներկայացնում են խաղաղության օրակարգ, մինչդեռ դա որևէ աղերս չունի ռևանշիզմի կամ խաղաղության օրակարգի հետ:
Եթե հիշում եք, այն ժամանակ, երբ Հայաստանը կառավարում էին հայրենասեր և բանիմաց մարդիկ, և ՀՀ-ն հաղթանակած կողմ էր երկու պատերազմներում, թշնամին բոլոր պատեհ և անպատեհ առիթներն օգտագործում էր իրենց քարոզչամեքենայի կեղծ թեզերն առաջ տանելու համար: Իսկ այս պարագայում՝ ճշմարտությունը, իրականությունը, արդարությունը մեր կողմում է, և փոխանակ մենք բարձրաձայնենք մեր հայրենիքի մի հատվածի օկուպացիայի հարցը, իշխանական խունտան խոսում է ինչ-որ կեղծ խաղաղասիրական օրակարգերից»:
Մանրամասները՝ տեսանյութում