Հիմա մենք զիջողի կարգավիճակում ենք. շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան

Պաշտոնական առաջին հաղորդագրությունների համաձայն, Արցախում երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, իսկ այսօր հայտնի դարձավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հերթական սադրանքի մասին:

Սակայն պաշտոնական տարբեր շրջանակներ չեն կարծում, որ այս սադրանքները հիմք ենք լարվածության էսկալացիայի համար:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի դիտարկմամբ` այդ վտանգը պետք չէ բացառել. նա համոզված է՝ եթե Ալիևը չստանա այն, ինչ ուզում է, ապա պետք է սպասել թե՛ նոր սադրանքների, թե՛ լարվածության ուժգնացման:

«Ալիևը բացահայտ ասել է՝ ինչ է ուզում. ՀՀ տարածքում բնակավայրերի մի հատված՝  «անկլավ» կոչվածները, միջանցքի թեման է: Բացի դրանից՝ նա նպատակ ունի Արցախի մնացյալ հատվածը ևս զավթել, ինչի համար նա այժմ ամեն ինչ անելու է, որ Արցախի բնակչությանն ահաբեկի, ռեսուրսաքամ անի (բնական է` Արցախն այժմ չի տիրապետում ռազմական ու նյութական նախկին ռեսուրսներին):

Ու  այս պարագայում ռուսական կողմի լռությունը չափանիշ է հանդիսանում առ այն, որ ՌԴ-ն դեմ չի լինի, եթե Արցախի մնացյալ հատվածը ուժով կամ առանց ուժի յուրացվի Ադրբեջանի կողմից,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ արձանագրելով,- Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ ուժին ուժով պատասխան տալու, բայց  դա չարեց»:

Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակում բանակցողի փոփոխությունը կբերի՞ լուծումներ, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց. «Բանակցողի փոփոխությունն արդեն ոչինչ չի փոխի, որովհետև այժմ մեզ մտցրել են ընթացքի մեջ, որից դուրս գալ հնարավոր չէ:

Դուրս գալ և կանգ առնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե մենք ունենանք Ադրբեջանին հավասար ռազմական ռեսուրսներ և քաղաքական հեղինակություն արտաքին աշխարհում, որ կարողանանք մեր թիկունքն ապահովել գոնե դիվանագիտական և տեղեկատվական հարթակներում, և այդ ժամանակ մենք կկարողանանք ռազմական ճանապահով կանգնեցնել նախ՝ այս ընթացքը, ապա՝ մեզ համար ինչ-ինչ շահավետ բաներ ստանանք: Հիմա մենք զիջողի կարգավիճակում ենք. շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին»:

Տեսանյութեր

Լրահոս