«Ողջունում ենք մեր եղբայրներին և քույրերին». Կուբայի նախագահը հայ զբոսաշրջիկներին հրավիրել է իր երկիր
Կուբայի Հանրապետությունը հեշտացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկների մուտքը երկիր և նոյեմբերի 15-ից սկսած՝ ՊՇՌ թեստի հավաստագիր չի պահանջի նրանցից: Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի հեռավար նիստին ասել է ԵԱՏՄ դիտորդ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը:
Ըստ նրա՝ Կուբայի և ԵԱՏՄ պետությունների փոխգործակցության համար հեռանկարային ոլորտներից են էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև տուրիզմի ոլորտները:
«Մենք պատրաստ ենք բարենպաստ և գրավիչ պայմաններ ստեղծել միության անդամ պետությունների զբոսաշրջիկների համար: Դրա համար հարկավոր է տարբեր խողովակներով, միջտարածաշրջանային հարթակներով և ԶԼՄ-ներով առաջ մղել Կուբան՝ որպես տուրիստական ուղղություն: Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստված կլինի Կուբայի բնակչության ավելի քան 90 տոկոսը, մեր սահմանները կսկսեն աստիճանաբար բացվել, ինչպես նաև կմեղմացվեն սանիտարահիգիենիկ միջոցառումները ժամանող ուղևորների համար», – ասել է Միգել Դիաս Կանելը:
Կանելի խոսքով՝ Կուբա ժամանող զբոսաշրջիկներից ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստի հավաստագիր չեն պահանջի, կճանաչվեն պատվաստման հավաստագրերը:
«Մենք նախօրոք ողջունում ենք մեր հյուրերին՝ եղբայրներին և քույրերին Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Հայաստանից», – հայտարարել է Կուբայի նախագահը:
Կուբայի Հանրապետությունը, ըստ երկրի նախագահի, հպարտանում է Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության հետ բարեկամությամբ՝ հաստատելով իր ցանկությունը հետագայում ևս զարգացնելու երկկողմ հարաբերությունները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտում և շարունակելու համատեղ աշխատանքը եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամրապնդման ուղղությամբ:
«Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», – ընդգծել է նախագահը: