
Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Էրդողանին

Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք դառնա մեկ անձի ձեռքին։
«Պարո՛ն Էրդողան, մի՛ զբաղվեք վերադասավորումներով։ Ձեզ նշանակեք Կենտրոնական բանկի նախագահ, ինչպես դա արեցիք հիմնադրամում (Varlık Fonu): Դադարեցրե՛ք կեսգիշերային որոշումներով երկրին վնաս հասցնելը»,-շեշտել է նա։
Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի փոխնախագահներ Սեմիհ Թյումենը, Ուղուր Նամըքը և գումարի քաղաքականության խորհրդի անդամ Աբդուլահ Յավաշն ազատվել են աշխատանքից։ Այդ որոշումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հանդիպմանը։ Այդ օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդ էր գրանցել՝ հասնելով 9.18-ի։